Քամալա Հարիս. «Հյուսիսային Կորեայում դաժան բռնապետություն է իշխում»

ԱՄՆ փոխնախագահ Քամալա Հարիսը Հարավային Կորեայում հանդիպել է ամերիկացի զինծառայողներին, 29-ը սեպտեմբերի, 2022թ.

Միացյալ Նահանգների փոխնախագահ Քամալա Հարիսը հայտարարել է, թե Հյուսիսային Կորեայում դաժան բռնապետություն է, որն իրականացնում է զինատեսակների ստեղծման ապօրինի ծրագրեր և ծայրահեղ բռնի մեթոդներով ոտնահարում է մարդու իրավունքները:

«Հյուսիսում մենք տեսնում ենք դաժան բռնապետություն, որը սպառնում է խաղաղությանը և կայունությանը: Միացյալ Նահանգները և աշխարհը ցանկանում են, որ Կորեական թերակղզին լինի կայուն և խաղաղ, և Հյուսիսային Կորեան այլևս սպառնալիք չլինի», - ասել է Հարիսը:

Այդ հայտարարությամբ նա հանդես է եկել Հարավային Կորեայի և Հյուսիսային Կորեայի սահմանին տասնամյակներ առաջ ստեղծված ապառազմականացված գոտում:

Հարիսն առաջին անգամ է այցելել ապառազմականացված գոտի, որտեղ ասել է, որ այն վկայում է, թե ինչ տարբեր ճանապարհներով են շարժվում այդ գոտիով տարանջատված երկու կողմերը:

Հարիսն ապառազմականացված գոտի է մեկնել Հարավային Կորեայի մայրաքաղաք Սեուլից:

Հյուսիսային Կորեան օրերս միջմայրցամաքային հրթիռի հերթական փորձարկում է իրականացրել:

Հարավային Կորեայի իշխանությունները ենթադրում են, որ Հյուսիսային Կորեան պատրաստվում է նաև միջուկային փորձարկում իրականացնել:

Դա կլինի 7-րդ փորձարկումը 2006 թվականից ի վեր: Վերջին անգամ Հյուսիսային Կորեան 2017 թվականին է միջուկային ստորգետնյա փորձարկում անցկացրել: