Պաշտոնական Երևանը հորդորում է միջազգային հանրությանը գործուն քայլերի իրականացմամբ ու համապատասխան մեխանիզմների գործարկմամբ ճնշում գործադրել Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության վրա՝ հրադադարի ռեժիմը խստագույնս պահպանելու, Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքը լքելու ու նոր ագրեսիաները կանխելու համար։
«Հայաստանի Հանրապետությունը ՄԱԿ կանոնադրությամբ սահմանված բոլոր միջոցներով շարունակելու է պաշտպանել իր ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը», - ասված է արտգործնախարարության հայտարարությունում:
Շեշտելով, որ սեպտեմբերի 28-ին Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքում ապօրինաբար գտնվող Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումներն ականանետերի և խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակների կիրառմամբ, հերթական անգամ կոպտորեն խախտելով հրադադարի ռեժիմը, կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ՝ Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունն ընդգծում է՝ հայկական կողմն ունի երեք զոհ։
Ադրբեջանի կողմից ձեռնարկված հերթական սադրանքը որակելով Հայաստանի տարածքային ամբողջականության դեմ սեպտեմբերի 13-ի մեկնարկած լայնածավալ ագրեսիայի շարունակություն`Հայաստանի արտգործնախարարությունը շեշտում է՝ սա բացահայտ արհամարհանք է միջազգային հանրության և ՄԱԿ Անվտանգության խորհրդի անդամ պետությունների կողմից հնչեցված կոչերին՝ պահպանելու ձեռք բերված հրադադարի ռեժիմը։
«Սա վերահաստատում է հայկական կողմի ահազանգերն առ այն, որ Ադրբեջանը պատրաստվում է շարունակել ուժի կիրառման ու առավելապաշտական իր քաղաքականությունը։ Ավելին, Ադրբեջանի նմանօրինակ սադրանքը նպատակ ունի ձախողելու երկու երկրների արտաքին գործերի նախարարների հանդիպումը, որի կազմակերպման շուրջ քննարկումներ են ընթանում», - ասված է հայտարարությունում։
Այսօր Պաշտպանության նախարարությունը հայտնեց, որ ժամը 18:00-ից սկսած, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները, ականանետերի և խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակների կիրառմամբ, կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում տեղակայված մարտական դիրքերի ուղղությամբ:
Ադրբեջանի պաշտպանության նախարարությանն էլ իր հերթին հաղորդեց, որ հայկական կողմն է խախտել հրադադարը: Ադրբեջանական կողմը հայտնեց մեկ վիրավորի մասին:
Ավելի ուշ Հայաստանի պաշտպանության նախարարությունը տեղեկացրեց, որ ադրբեջանական սադրանքի հետևանքով հայկական կողմն ունի 3 զոհ, ժամը 22:00-ի դրությամբ իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայունացել է:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ թվիթերյան գրառմամբ սա որակեց հարձակում Հայաստանի անկախության, ինքնիշխանության և ժողովրդավարության դեմ՝ շեշտելով՝ ադրբեջանական ներխուժումը պետք է դատապարտվի և դադարեցվի։