Դոնբասի և Լուգանսկի ինքնահռչակ ժողովրդական «հանրապետությունների» ղեկավարներ Դենիս Պուշիլինը և Լեոնիդ Պասեչնիկն այսօր մեկնել են Մոսկվա՝ պայմանավորվելու Ռուսաստանին միանալու հարցով «հանրաքվեներից» հետո նախատեսված քայլերի շուրջ:
«Հարգելի բարեկամներ, հանրաքվեն կայացել է, մենք երկար ճանապարհ ենք անցել, սա հսկայական արդյունք է, մենք 2014-ից ենք երազել դրա մասին, սա պատմական օր է, մենք միանում ենք մայր Ռուսաստանին», - Մոսկվա մեկնելուց առաջ խոսելով կեղծ հանրաքվեների արդյունքների մասին, ասել է Դոնեցկի անջատական կազմավորման ղեկավար Պուշիլինը:
Կիևի և Արևմուտքի կողմից չճանաչված այդ հանրաքվեների նախնական արդյունքները միանգամայն կանխատեսելի էին՝ Խերսոնի շրջանի կամ ինչպես ռուսները սովետական ոճով են ասում՝ «Խերսոնշչինայի» բնակիչների ավելի քան 87 տոկոսը կողմ է Ռուսաստանին միանալուն: Զապորոժիեի շրջանում դա բնակիչների ավելի քան 93 տոկոսն է ցանկանում, Լուգանսկի անջատական կազմավորման բնակիչների մոտ 98.5 տոկոսն է Ռուսաստանին միանալու կողմնակից, իսկ Դոնեցկի անջատական տարածքում այդ թիվը հին սովետական քվեարկությունների արդյունքն է հիշեցնում՝ 99.23 տոկոս:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Այսօր ավարտվում է Ուկրաինայի օկուպացված տարածքներում Ռուսաստանի նախաձեռնած հանրաքվենՄիջազգային դիտորդներն, այդ թվում՝ Մոզամբիկից և Կենտրոնաֆրիկյան հանրապետությունից, խախտումներ չեն գրանցել:
Զապորոժիեի և Խերսոնի գրավված շրջանները, Լուգանսկի և Դոնեցկի անջատական կազմավորումները կազմում են Ուկրաինայի տարածքի մոտ 15 տոկոսը:
Այդ տարածքը հռչակելով Ռուսաստանի մաս, Կրեմլը կհայտարարի, թե ցանկացած ոտնձգություն դրա նկատմամբ կհամարվի հարձակում Ռուսաստանի Դաշնության վրա, ինչին ի պատասխան կգործադրվեն բոլոր միջոցներն, այդ թվում՝ հարկ եղած դեպքում, նաև միջուկային սպառազենը: Սա է Վլադիմիր Պուտինի ուղերձն աշխարհին:
«Այս ամենը դադարեցնելու համար կա ընդամենը մեկ ուղի՝ ամբողջովին մեկուսացնել Ռուսաստանը: Մի պետություն չի կարող հանդիսանալ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամ և ունենալ վետոյի իրավունք, եթե ցեղասպան քաղաքականություն է իրականացնում: Հենց այս պահին այդ պետությունը աշխարհը հասցրել է ճառագայթման անդունդի եզրին և սպառնում է միջուկային հարվածներով: Ռուսաստանը պետք է վտարվի միջազգային բոլոր կառույցներից»,- անցած գիշեր դիմելով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին, ասել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին:
Նրա համոզմամբ, միջազգային հանրությունը պետք է նոր՝ կոշտ և համաշխարհային պատժամիջոցներ սահմանի Ռուսաստանի նկատմամբ:
«Ցանկացած զավթում արդիական ժամանակաշրջանում հանցագործություն է բոլոր պետությունների դեմ, քանի որ բոլոր պետությունները սահմանների անձեռնմխելիությունն իրենց գոյության հիմքն են համարում»,- ասել է Ուկրաինայի ղեկավարը:
ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վասիլի Նեբենզյան փորձել է Մոսկվայի տեսակետը հասցնել Անվտանգության խորհրդի անդամներին:
«Գիտեմ, որ մեր երբեմնի գործընկերներն Արևմուտքից մեզ չեն լսի, ավելի ճիշտ, կձևացնեն, թե չեն լսում, բայց փաստ է, որ հանրաքվեներն անցկացվել են բացարձակ թափանցիկ պայմաններում և բոլոր անհրաժեշտ կանոնների պահպանմամբ, դա են նշել ավելի քան 40 երկրներից ժամանած միջազգային դիտորդները, որոնց զարմացրել է հանրաքվեներին մասնակցող մարդկանց խանդավառությունը, բայց, ավաղ, դուք մեզ չեք լսում», - ասել է Նեբենզյան:
ՄԱԿ-ում Միացյալ Նահանգների դեսպան Լինդա Թոմաս-Գրինֆիլդը բոլորին կոչ է արել միանշանակ դատապարտել կեղծ հանրաքվեները և այդպես վերահաստատել հավատարմությունը ՄԱԿ-ի Կանոնադրությանը:
«Եթե Ռուսաստանը փորձի խուսափել պատասխանատվությունից այստեղ՝ Անվտանգության խորհրդում, ապա մենք հարցը կտեղափոխենք Գլխավոր ասամբլեա և այնտեղից հստակ ուղերձ կհղենք Մոսկվային: Աշխարհը պետք է միասնական լինի և պաշտպանի Կանոնադրությունը»,- հայտարարել է Լինդա Թոմաս-Գրինֆիլդը:
Մինչդեռ, Ռուսաստանում արդեն պատրաստվում են կեղծ հանրաքվեների հետ կապված իրավական ընթացակարգին:
Պետական դուման հոկտեմբերի 3-ին արտահերթ նիստ է գումարելու, հաջորդ օրը նույնը կանի խորհրդարանի վերին պալատը՝ Դաշնության խորհուրդը:
Ենթադրվում է, որ նախագահ Պուտինն էլ առաջիկայում հանդես կգա հանրաքվեների արդյունքների վերաբերյալ հատուկ ուղերձով:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Եվրահանձնաժողովն այսօր Ռուսաստանի դեմ պատժամիջոցների նոր փաթեթի առաջարկներ կներկայացնիԴե իսկ Արևմուտքը նոր պատժամիջոցներ է ծրագրում: Միացյալ Նահանգների պետական քարտուղար Էնթոնի Բլինքենն այսօր ասել է, որ Վաշինգտոնը երբեք չի ճանաչի այդ կեղծ հանրաքվեների արդյունքները։
«Մեր դիրքորոշումը հստակ է՝ մենք երբեք չենք ընդունի Ուկրաինայի տարածքի զավթումը, հարկ է ընդգծել նաև, որ Ուկրաինան ունի իր տարածքը պաշտպանելու բացարձակ օրինական իրավունք»,- ասել է Բլինքենը: