Կողմերը մանրամասներ չեն հրապարակում ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հայաստանյան այցի արդյունքների մասին

ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը հայ-ադրբեջանական սահմանին։ 22-ը սեպտեմբերի, 2022

Հայաստան - ՀԱՊԿ լարված հարաբերությունների ֆոնին հայկական կողմը չի մասնակցում Ղազախստանում անցկացվող ռազմական դաշինքի զորավարժություններին։

Հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակն է պատճառը, այսօր «Ազատությանն» ասաց Պաշտպանության նախարարության խոսնակ խոսնակ Արամ Թորոսյանը. - «Ադրբեջանի լայնածավալ ռազմական ագրեսիայի հետևանքով հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրադրությամբ պայմանավորված, ինչպես նաև Զինված ուժերի առջև դրված խնդիրներից ելնելով՝ որոշում է կայացվել ձեռնպահ մնալ Ղազախստանում անցկացվող ՀԱՊԿ զորավարժություններին ՀՀ ԶՈւ ստորաբաժանումների մասնակցությունից»։

Հինգ օր շարունակ Հայաստանում էր ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը, որին այդպես էլ չընդունեց Հայաստանի վարչապետը։ Դաշինքի մամուլի քարտուղարն ՌԻԱ Նովոստիին հայտնել էր, որ Փաշինյանը ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեային մասնակցելու հանգամանքով պայմանավորված չի ընդունել Ստանիսլավ Զասին։

Փաշինյանը, սակայն, Նյու Յորք մեկնել է սեպտեմբերի 22 -ին, նրա հետ միասին ԱՄՆ մեկնած Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը, օրինակ, հասցրել էր սեպտեմբերի 21-ին ընդունել ՀԱՊԿ քարտուղարին։ Ինչո՞ւ, այնուամենայնիվ, Փաշինյան - Զաս հանդիպումը չի կայացել։ Կառավարությունից փոխանցեցին՝ «Չենք մեկնաբանում»։

Թեև Զասը Հայաստանից մեկնել է սեպտեմբերի 25-ին, բայց երեք օր անց էլ կողմերը չեն մանրամասնում՝ ինչ արդյունքների ու համաձայնության են հասել։

Նախատեսվում է, որ Զասի գլխավորած առաքելությունը պետք է զեկույց պատրաստի տարածաշրջանում իրադրության մասին և առաջարկներ մշակի՝ ուղղված՝ «Հայաստան-Ադրբեջանի սահմանի առանձին շրջաններում առաջացած լարվածության թուլացմանը»։ Բայց ո'չ զեկույցի, ո'չ առաջարկների մասին ոչինչ հայտնի չէ։

Մինչ այդ Հայաստանը ռազմական աջակցություն էր խնդրել ռազմական դաշինքից, որը սակայն փաստացի մերժվել էր։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Հայաստանը իր տարածքային ամբողջականությունը վերականգնելու համար է դիմել ՀԱՊԿ-ին ու Ռուսաստանին. վարչապետ
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Հայաստան խաղաղապահ առաքելություն, զորք ուղարկելու պլաններ ՀԱՊԿ-ը չունի․ Անատոլի Սիդորով

ԱԺ նախագահը, ԱԽ քարտուղարը և այլ պաշտոնյաններ այս ընթացքում բարձրաձայնել են կառույցից դգժոհությունների մասին և ուղիղ մեղադրել Ռուսաստանի գլխավորած դաշինքին անգործության համար։

Արմեն Բաղդասարյան

Քաղաքական վերլուծաբան Արմեն Բաղդասարյանի կարծիքով, եթե Հայաստանը կոնկրետ քայլերի չի դիմելու, նման հայտարարությունները ավելի շուտ բացասական ազդեցություն կունենան. - «Նախ ակնհայտ է, որ ՀԱՊԿ-ից որևէ օգուտ չկա։ Բայց խնդիրն այն է, թե ՀԱՊԿ-ից դուրս գալուց օգուտ կա՞, թե՞ չկա։ Այն հանգամանքը, որ այո, Հայաստանի չի մասնակցում Ղազախստանում տեղի ունենալիք զորավարժություններին, որ Փաշինյան - Զաս հանդիպում տեղի չունեցավ, դա ընդամենը, կարծում եմ, դրանով Հայաստանի իշխանությունները, կոնկրետ Նիկոլ Փաշինյանը ցույց են տալիս, որ իրենք նեղացած են ՀԱՊԿ-ից, իրենք ակնկալիքներ ունեին, որոնք չարդարացան։ Բայց չեմ կարծում, թե արտաքին քաղաքականության մեջ կարելի է առաջնորդվել նեղացածությամբ կամ սպառնալիքներով, որ այ, եթե դուք մեզ չաջակցեք, մենք անվտանգային այլ համակարգ կգտնենք։ Որովհետև այդ սպառնալիքները ոչինչ չարժեն, եթե դրա դիմաց հնարավոր չէ իրականացնել»։

Արեգ Քոչինյան

Քաղաքագետ Արեգ Քոչինյանը, մինչդեռ, կարծում է, որ Հայաստանից հնչող այս բացահայտ դժգոհություններն ավելի քան տեղին են. - «ՀԱՊԿ-ը ոչ միայն չի հանդիսանում էն ռազմաքաղաքական միությունը, էն անվտանգային բարձիկը, որը որ ինքը պետք է հանդիսանա, և էդպիսին չի հանդիսանում նաև Ռուսաստանը, այլև Ռուսաստանը հանդիսանում է ինքը վտանգի գեներատորը։ Ես եկել եմ եզրակացության, որ Ադրբեջանի կողմից կազմակերպված հարձակումը նախ չէր կարող տեղի ունենալ առանց Ռուսաստանի առնվազն լռելյայն համաձայնության»։

ՀԱՊԿ-ից բարձր մակարդակով հնչող դժգոհությունների ֆոնին պաշտոնական Երևանը դարձյալ խոսում է միջազգային մեխանիզմների մասին։ Երեկ, օրինակ, հայտնի դարձավ, որ Ֆրանսիայի պաշտպանական գերատեսչությունը հատուկ պատվիրակություն կգործուղի Հայաստան։ Թե ինչ կազմով ու երբ, դեռ չի հստակեցվում։

Վերլուծաբան Բաղդասարյանի խոսքով՝ կարևոր է հասկանալ, թե սահմանային նոր էսկալացիայի դեպքում, ինչ գործուն աջակցություն կարող է Հայաստանը ստանալ Արևմուտքից. - «Հայաստանը նրանք ընկալում են որպես Ռուսաստանի դաշնակից, ՀԱՊԿ անդամ երկիր, որտեղ կան ռուսական ռազմաբազաներ։ Վերջ։ Արևմուտքը երբեք չի աջակցի որևէ երկրի, առավել ևս զենք չի տրամադրի Ռուսաստանի դաշնակցին։ Նրանք, որպես կանոն, զենք տրամադրում են միայն այն դեպքում, եթե այդ զենքը օգտագործվում է Ռուսաստանի դեմ՝ ուղղակիորեն կամ անուղղակիորեն։ Սա այդ դեպքը չէ»։

Հարցին՝ իսկ եթե Հայաստանը կտրուկ շրջադարձ անի՞, Բաղդասարյանն արձագանքեց. - «Կտրուկ շրջադարձ հնարավոր չէ։ Դրա համար առնվազն մի քանի տարիներ են պետք։ Էդ ժամանակը մենք չունենք»։

Օրերս Ֆրանսիայի նախագահի հետ Փարիզում հանդիպած Հայաստանի վարչապետն, այսօր Երևանում ընդունելով ֆրանսիացի սենատորների պատվիրակությանը, հույս է հայտնել, որ միջազգային դիտորդական առաքելության գործուղումն ադրբեջանական օկուպացիայի հետևանքով տուժած շրջաններ և սահմանային գոտի կօգնի միջազգային հանրությունն ուղիղ տեղեկություններ ստանալ։