Իրանում, չնայած ցուցարարների շարքերում զոհերի թվի աճին, անվտանգության ուժերի բիրտ միջոցներին, անգամ մարտական փամփուշտների կիրառմանը՝ բողոքի ակցիաները չեն դադարում։
Երեքշաբթի օրը երկրի տասնյակ քաղաքներում բախումներ են տեղի ունեցել ցուցարարների և ոստիկանության միջև։ Սոցցանցերով տարածված տեսանյութերում ցուցարարները կոչ են անում տապալել Իրանի կրոնական իշխանությունը։ Կանայք այրում են իրենց գլխաշորերը։
Իրանի քրդաբնակ շրջանից բողոքի ակցիաները սկսվեցին, երբ ոստիկանական բաժանմունքում մահացավ 22-ամյա Մահսա Ամինին։ Երիտասարդ կինը ձերբակալվել էր գլխաշորը ոչ պատշաճ կրելու մեղադրանքով։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Իրանում գլխաշորը ոչ պատշաճ կրելու համար ձերբակալված աղջիկը մահացել է. երկրում ցույցեր ենԱՄՆ-ում բնակվող լրագրող և կանանց իրավունքների պաշտպան Մասիհ Ալինիջադն ասել է, որ Իրանում հիմա շրջադարձային պահ է։
«Իսլամական Հանրապետության համար Մահսա Ամինիի սպանությունը դառնում է բեկումնային կետ, քանի որ հիջաբը պարզապես փոքր կտոր չէ։ Այն նման է Բեռլինի պատին։ Եթե իրանցի կանայք կարողանան քանդել այդ պատը, Իսլամական Հանրապետությունը գոյություն չի ունենա», - ասել է նա: