Ֆրանսիայի պաշտպանության նախարար Սեբաստիեն Լըքորնյուն երեկ Փարիզում ընդունել է Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանին:
«Քննարկեցինք իրավիճակը Ադրբեջանի հետ սահմանին, որտեղ ռազմական գործողությունները պետք է դադարեն, և ադրբեջանական ուժերը պետք է վերադառնան իրենց սկզբնական դիրքեր», - Ֆեյսբուքում գրել է ֆրանսիացի նախարարը:
«Ես հայտարարեցի Հայաստան շուտափույթ ֆրանսիական պատվիրակություն ուղարկելու մասին՝ գնահատելու իրավիճակը», - հայտնում է Լըքորնյուն:
Ըստ Հայաստանի պաշտպանության նախարարության՝ Պապիկյանը Լըքորնյուի խնդրանքով ներկայացրել է սեպտեմբերի 13-ի ադրբեջանական ռազմական ագրեսիայի հետևանքով ստեղծված իրադրությունը։ Սեբաստիեն Լըքորնյուն վերահաստատել է խնդրի առնչությամբ Ֆրանսիայի պետական դիրքորոշումը՝ ադրբեջանական զորքերը պետք է դուրս բերվեն Հայաստանի Հանրապետության տարածքից։
Հայաստանի ռազմական գերատեսչությունը ևս ընդգծում է, որ հանդիպման արդյունքներով պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ իրավիճակին տեղում ծանոթանալու նպատակով Ֆրանսիայի պաշտպանական գերատեսչությունը հատուկ պատվիրակություն կուղարկի Հայաստան։
Երկուշաբթի օրը Փարիզ է այցելել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ում Ելիսեյան պալատում ընդունել է Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը: Հանդիպումից հետո Ֆրանսիայի նախագահը հեռախոսազրույց է ունեցել ադրբեջանցի պաշտոնակցի հետ՝ մասնավորապես պահանջելով հարգել Հայաստանի տարածքային ամբողջականությունը և զինուժը վերադարձնել ելման դիրքեր:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Մակրոնն Ալիևից կրկին պահանջել է հարգել Հայաստանի տարածքային ամբողջականությունը ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Մակրոնի հետ հանդիպմանը Փաշինյանը մատնանշել է Ադրբեջանի հետ խաղաղության գնալու քարտեզներըՀայ-ադրբեջանական սահմանին ինտենսիվ ռազմական գործողությունները սկսվել են սեպտեմբերի 13-ի կեսգիշերին: Սեպտեմբերի 14-ի երեկոյան Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղարը հայտարարեց, որ միջազգային հանրության ներգրավվածության շնորհիվ հաջողվել է ձեռք բերել հրադադարի պայմանավորվածություն՝ այլ մանրամասներ չհայտնելով:
Մարտերի հետևանքով հայկական կողմի զոհվածների և անհետ կորածների պաշտոնապես հրապարակված թիվը 207 է, Բաքուն 80 զոհի մասին է տեղեկացրել։ Պաշտոնական տվյալներով՝ վերջին մարտերից հետո հայկական կողմն ունի առնվազն 20 ռազմագերի։
Այս ընթացքում հրադադարի խախտման մի քանի դեպք է արձանագրվել, երկու կողմից զինծառայողներ են վիրավորվել: