Ֆրանսիայի և Ադրբեջանի նախագահների միջև հեռախոսազրույց է կայացել: Էմանյուել Մակրոնը Իլհամ Ալիևին է տեղեկացրել երեկ Հայաստանի վարչապետի հետ հանդիպման մասին:
Ադրբեջանական աղբյուրների փոխանցմամբ՝ երկու նախագահները քննարկել են հայ-ադրբեջանական սահմանային բախումները, ընդգծվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցությունների շուտափույթ մեկնարկի կարևորությունը:
Ելիսեյան պալատի հաղորդագրության համաձայն՝ Ֆրանսիայի նախագահը վերստին կոչ է արել ադրբեջանցի պաշտոնակցին հարգել հրադադարը և պահել զինուժը ելման դիրքերում: «Նա նաև հիշեցրել է Հայաստանի տարածքային ամբողջականությունը հարգելու իր պահանջը», - ասված է հաղորդագրությունում:
Մակրոնն Ալիևին փոխանցել է, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատրաստ է շարունակել բանակցությունները բոլոր առկախ մնացող հարցերի շուրջ, իսկ պաշտոնական Փարիզն էլ պատրաստ է իր նպաստը բերել գործընթացին, հաղորդում է Ելիսեյան պալատը:
Երեկ Փարիզում ընդունելով Հայաստանի վարչապետին՝ Ֆրանսիայի նախագահը հայտնել էր, որ պատրաստվում է հեռախոսազրույց ունենալ Ադրբեջանի նախագահի հետ:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Մակրոնի հետ հանդիպմանը Փաշինյանը մատնանշել է Ադրբեջանի հետ խաղաղության գնալու քարտեզները