Ինչպե՞ս և որտե՞ղ պատսպարվել արտակարգ իրավիճակների կամ պետերազմական պայմաններում, «Ազատության» «Ֆեյսբուքյան ասուլիս» հաղորդման ընթացքում ներկայացրեց ԱԻՆ փրկարար ծառայության քաղաքացիական պաշտպանության վարչության պետ Էդան Սնգրյանը:
Ապաստարանների տեղի մասին տեղեկություն ստանալու համար ԱԻՆ ներկայացուցիչը մարդկանց խորհուրդ տվեց դիմել համատիրություններին կամ տեղական ինքնակառավարման մարմիններին:
Անդրադառնալով ապաստարանների հակասանիտարական վիճակի վերաբերյալ օգտատերերի հարցերին, Սնգրյանը պատասխանեց. «Կարծում եմ՝ այդ հակասանիտարական վիճակը, անկախ նրանից, այնտեղ մարդ պատսպարվելու է, թե չէ, ոչ մեկի համար էլ ընդունելի չի և հաճելի չի: Էս նկատառումներից ելնելով մեր բնակչին խորհուրդ եմ տալիս դիմել իրենց շենքի կառավարումն իրականացնող համատիրություններին և իրենց միջոցներով կազմակերպեն այդ տարածքների մաքրման աշխատանքները»:
«Ցավոք սրտի, այսօր Երևան քաղաքում էլ, մյուս բնակավայրերում էլ ունենք տարածքներ, որտեղ բնակչության կցագրման վայրերը գտնվում են իրենց բնակության վայրերից 500 և ավելի մետր հեռավորության վրա կամ մարդիկ իրենց տարիքային կամ առողջական վիճակից ելնելով չեն կարող, օրինակ, բարձրահարկ շենքերի վերին հարկերից իջնել պատսպարվել նկուղում: Այս դեպքում մարդկանց խորհուրդ ենք տալիս խուճապի չմատնվել և պատսպարվել բնակարանի համեմատաբար ամենաապահով հատվածում», - ներկայացրեց նա՝ շարունակելով, - «Ապահով հատված ասելով նկատի ունենք այն հատվածը, որտեղ չի դիտարկվում պատուհաններից, դրսից, բեկորներից կպաշտպանվեն: Տան մեջ ընտրեք այն սենյակները, որոնց պատերը դրսի պատերի հետ շփում չունեն, դրսից չեն դիտարկվում, սենյակում չկան փշրվող, կոտրվող իրեր: Եթե չկա այդպիսի հնարավորություն ընտրեք սենյակի ամենաապահով հատվածը և ձեռնամերձ իրերով բարիկադավորվեք»:
Ներկայացնելով ԱԻՆ գործառույթները արտակարգ իրավիճակների պայմաններում, Էդան Սնգրյանը նշեց. «Եթե խոսքը գնում է ազդարարաման, ազդանշանների տրման մասին, այո, հենց մեր նախարարությունը ունի այդ լիազորությունը, հակառակորդի հանկարծակի հարձակման կամ դրա սպառնալիքի դեպքում պաշտպանության նախարարությունից համապատասխան տեղեկատվություն ստանալու դեպքում կազմակերպվում է բնակչության ազդարարումը: Ազդարարում ասելով ի նկատի ունենք շչակներով տրվող ձայնային ազդանշանը, որպես դրան աջակցող մաս՝ պայմանավորվածություն Հանրային հեռուստատեսության, ռադիոյի կամ մի շարք լրատվամիջոցների հետ, որոնք տալու են այդ ժամանակահատվածում կարճ հաղորդագրություններ»:
Ֆեյսբուքյան օգտատիրոջ դիտարկմանը, որ Սյունիքի սահմանամերձ գյուղում «ո՛չ 44-օրյա, ո՛չ սեպտեմբերի 13-ի պատերազմի ժամանակ տագնապի շչակ չհնչեց, նկուղ իջանք այն ժամանակ, երբ արկն ընկավ գյուղի կենտրոնում: Էլ ի՞նչ պետք է լինի, որ մտածեք գյուղերի ապաստարանների և տագնապի շչակների բացակայության խնդիրը լուծելու համար», ԱԻՆ ներկայացուցիչը արձագանքեց. «44-օրյա պատերազմից հետո Երևանից հետո Սյունիքի մարզը համեմատաբար այն մարզն է, որը ունի համեմատաբար ավելի մեծ ծածկույթ: Ինչ վերաբերում է հարցին՝ ինչո՞ւ չեն օգտագործում այդ շչակները, ասեմ ավելին՝ ինձ հասած տվյալներով, երբ որ Պաշտպանության նախարարությունը կանխատեսում էր օդային հարձակում, իրենց տված տարածքներում, իրենց տված ինֆորմացիան մենք և՛ բջջային կապ ապահովող օպերատորների միջոցով, և՛ տեղական ինքնակառավարման մարմինների միջոցով կազմակերպում էինք բնակչության իրազեկումը: Հանկարծակի հարձակման ժամանակ իրենք միանգամից իմանում են հարձակման մասին, երևի հենց տեղական ինքնակառավարման մարմինները կարծել են, որ լրացուցիչ ազդարարման շչակներ միացնելու կարիք չկա»:
Հաղորդումն ամբողջությամբ՝ ստորև.