Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հունաստանի արտգործնախարար Նիկոս Դենդիասի հետ հանդիպմանը մանրամասն անդրադարձել է Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի ագրեսիայի հետևանքներին:
Վարչապետի աշխատակազմի փոխանցմամբ՝ զրուցակիցները մտքեր են փոխանակել Հարավային Կովկասում տեղի ունեցող գործընթացների վերաբերյալ: Հայաստանի կառավարության ղեկավարը «ՀՀ տարածքից ադրբեջանական ստորաբաժանումների դուրսբերման և նոր ագրեսիա թույլ չտալու առումով ընդգծել է միջազգային հանրության համարժեք արձագանքի կարևորությունը»: Նիկոլ Փաշինյանը նաև անդրադարձել է տարածաշրջանում տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակման, Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման շուրջ Հայաստանի դիրքորոշումներին:
Նիկոս Դենդիասը հավելել է, որ Հունաստանը կներդնի բոլոր ջանքերը՝ «նպաստելու ժողովրդավարական ու եղբայրական Հայաստանի առաջ ծառացած մարտահրավերների հաղթահարմանը»:
Նիկոլ Փաշինյանը ընդգծելով Նյու Յորքում կայացած Հայաստանի, Հունաստանի և Կիպրոսի ԱԳ նախարարների եռակողմ հանդիպման կարևորությունը՝ մարտահրավերներին համատեղ դիմագրավելու, տարածաշրջանում կայունություն և խաղաղություն ապահովելու, ինչպես նաև տարբեր ուղղություններով հարաբերություններն ընդլայնելու առումով, հույս է հայտնել, որ բարձր մակարդակի փոխայցելությունները կկրեն ինտենսիվ բնույթ:
Արտգործնախարար Նիկոս Դենդիասը նշել է, որ Հունաստանը ևս մեծապես կարևորում է Հայաստանի հետ բազմակողմ հարաբերությունների հետևողական զարգացումը: Նա նշել է, որ Նյու Յորքում կայացած եռակողմ հանդիպումը եղել է արդյունավետ ու քննարկումներն այդ ձևաչափով կրելու են շարունակական բնույթ:
Հունաստանի արտգործնախարարն աշխատանքային այցով այսօր է ժամանել Երևան։ Նիկոս Դենդիասը հանդիպում է ունեցել նաև Հայաստանի իր պաշտոնակցի՝ Արարատ Միրզոյանի հետ: