Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, թե չի դիմել Վրաստանի, Ղազախստանի և որևէ այլ երկրի իշխանություններին՝ այնտեղ ապաստանած ռուսաստանցի զորակոչիկներին Ռուսաստան վերադարձնելու խնդրանքով:
«Պաշտպանության նախարարությունը մասնակի զորահավաքի իրականացման շրջանակներում ուրիշ պետություններին չի դիմել ռուսաստանցիներին ուժով Ռուսաստան վերադարձնելու խնդրանքով, նման հնարավորություն չի ծրագրել և չի ծրագրում», - ասվում է պաշտպանական գերատեսչության այսօրվա հաղորդագրությունում:
Մասնակի զորահավաքի մասին նախագահ Վլադիմիր Պուտինի սեպտեմբերի 21-ի հրամանագրից հետո տասնյակ հազարավոր ռուսաստանցիներ տեղափոխվում են այլ երկրներ: Ռուսաստանի որոշ բնակավայրերում տեղի են ունենում զորահավաքի դեմ բողոքի ակցիաներ: