Սեպտեմբերի 21-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է մասնավոր զորահավաքի մասին: Այդ օրվանից առ այսօր Ղազախստան է ժամանել 98 հազար ռուսաստանցի, իսկ Ղազախստանից դուրս է մեկնել 64 հազար 234 ռուսաստանցի:
Պուտինի հրամանագրից հետո հազարավոր ռուսաստանցիներ փորձել են տեղափոխվել Վրաստան, Ղազախստան, Հայաստան, Ղրղըզստան և այլ երկրներ: Ռուս-ղազախական սահմանային անցակետերի մոտ՝ ռուսական տարածքի կողմից, ավտոմեքենաների բազմակիլոմետրանոց հերթեր են առաջացել:
Ղազախստանի ներքին գործերի նախարարության տվյալներով, 2018-19 թվականներին մոտ 3 միլիոն ռուսաստանցի է այցելել Ղազախստան, մինչդեռ, 2022 թվականի 9 ամիսների ընթացքում Ղազախստան ժամանած ռուսաստանցիների թիվը հասել է 1 միլիոն 700 հազարի:
Նախագահ Կասիմ-Ժոնարտ Տոկաևն ասել է, որ երկրում գտնվում են մեծ թվով ռուսաստանցիներ, «ովքեր Ռուսաստանից դուրս են մեկնել այնտեղ ստեղծված անհուսալի վիճակի բերումով»:
«Մենք պարտավոր ենք օգնել այդ մարդկանց և ապահովել նրանց անվտանգությունը: Սա քաղաքական և մարդասիրական հարց է: Ես կառավարությանը հանձնարարել եմ անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել: Դրսից եկողները կստանան օգնություն, բայց որևէ առավելություն չեն ունենա: Ամեն ինչ կարվի մեր օրենքներով: Մենք հարցը կքննարկենք ռուսական կողմի հետ և կլուծենք՝ հաշվի առնելով մեր շահերը»,- հայտարարել է Տոկաևը:
Ղազախստանի ներքին գործերի նախարար Մարատ Ախմետժանովն էլ հայտարարել է, որ Ղազախստանը զորահավաքից փախչող ռուսաստանցիներին չի հանձնի ռուսական իշխանություններին, քանի դեռ նրանց նկատմամբ միջազգային հետախուզում չի հայտարարվել:
Այն ռուսաստանցիներն, ում վերաբերյալ արդեն հարուցվել են քրեական գործեր՝ կարտահանձնվեն երկու երկրների միջև գործող համաձայնագրերի հիման վրա: