«Սեպտեմբերի 27-ին հիշում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության զոհերին». ԱՄՆ դեսպանատուն

Երևանում ԱՄՆ դեսպանատունը, արխիվ

«Սեպտեմբերի 27-ին հիշում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության զոհերին և ցավակցում ու զորակցում ենք զոհվածների, վիրավորների ընտանիքներին», - Ֆեյսբուքում գրել է Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը:

«Միացյալ Նահանգները հանձնառու է Հարավային Կովկասի տարածաշրջանում խաղաղություն հաստատելու գործին», - ասված է գրառման մեջ:

Երկու տարի առաջ այս օրը սկսվեց Ղարաբաղյան երկրորդ պատերազմը, որն ավարտվեց 44 օր անց: Ադրբեջանը՝ Թուրքիայի աջակցությամբ, հրթիռների, հրետանու և այլ ծանր զինատեսակների, անօդաչու թռչող սարքերի, նաև՝ արգելված զենքերի կիրառմամբ, այդ թվում՝ քաղաքացիական բնակչության դեմ, առաջխաղացում գրանցեց՝ գրավելով Արցախի Հադրութի շրջանը, Շուշին, Ղարաբաղին հարակից՝ հայկական վերահսկողության տակ գտնվող հարավային շրջանները: Երկու կողմերը հազարավոր զոհեր և վիրավորներ ունեցան: Հրադադար հաստատվեց Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ, որով Ադրբեջանին անցան նաև Լեռնային Ղարաբաղին հարակից՝ հայկական ուժերի վերահսկած 7 շրջանների մնացյալ տարածքները:

Երկու տարի անց էլ Ադրբեջանը դեռ չի վերադարձրել տասնյակ ռազմագերիների, ավելին՝ նրանց թիվը վերջին տվյալներով ևս 20-ով ավելացել է սեպտեմբերի 13-ին հայ – ադրբեջանական սահմանին սկիզբ առած ինտենսիվ ռազմական գործողություններից հետո, չեն բացվել հաղորդակցության ուղիները: