Ուկրաինան կրկին հայտարարում է իր դեմ իրանական դրոնների կիրառման մասին

Ուկրաինան կրկին հայտարարում է Ռուսաստանի կողմից իրանական դրոնների կիրառման մասին։ Այսօր նման հայտարարությամբ է հանդես եկել Օդեսայի ռազմական վարչակազմի պաշտոնական ներկայացուցիչ Սերգեյ Բրատչուկը։

«Ռուսները ակտիվորեն կիրառում են Իրանում արտադրվող ինքնաոչնչացվող անօդաչու սարքերը։ Դրանք կոչվում են Shaheed 136, սակայն ռուսները այն վերանվանել են «Գերան-2»։ Վերջին օրերին մեկը մյուսին հաջորդող հինգ հարձակում է եղել այդ դրոններով», - հայտարարել է Բարտչուկը՝ պնդելով, որ ռուսական կողմը իրանական անօդաչու սարքերի կիրառմանն է անցել դրանց համեմատաբար ցածր գնի և թանկարժեք հրթիռները տնտեսելու անհրաժեշտությունից դրդված։

Առաջին անգամ իրանական դրոնների կիրառման փաստը նախորդ ուրբաթ պաշտոնապես հաստատեց Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին՝ հայտարարելով Թեհրանի հետ դիվանագիտական հարաբերությունների մակարդակը նվազեցնելու մասին։