Վայոց ձորի մարզ է այցելել ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի թիմը:
Մարզպետ Արարատ Գրիգորյանը երեկվա հանդիպմանը նրանց է ներկայացրել Հայաստանի սուվերեն տարածքի վրա Ադրբեջանի ագրեսիվ պատերազմի հետևանքով մարզում ստեղծված իրավիճակը՝ Ջերմուկի համայնքային ենթակառուցվածքների, առողջարանների, մասնավոր կառույցների և բնակչության կրած վնասները:
Ըստ մարզպետարանի հաղորդագրության` քննարկվել են ստեղծված իրավիճակում մարզի անվտանգությանը, խաղաղ բնակչության իրավունքներին, խոցելի խմբերի պաշտպանվածությանը ու տարբեր ինստիտուտների անխափան գործունեությանը վերաբերող հարցեր:
Սեպտեմբերի 13-ից սկսած եռօրյա մարտերի հետևանքով վնասներ կրած տարածքներ ավելի վաղ այցելել են նաև ՀՀ-ում հավատարմագրված դեսպանները, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչները, ինչպես նաև ՀԱՊԿ առաքելությունն ու կառույցի գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը:
Ըստ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի` վերջին բախումներից հետո 7600 տարհանված կա: