Կարմիր խաչի միջազգային կոմիտեն սեպտեմբերի 23-ին Ադրբեջանում տեսակցել է սեպտեմբերի 13-ից հետո գերեվարված հայերին, որոնց գերեվարումը հաստատել է Բաքուն, «Ազատությանը» փոխանցեց Հայաստանում պատվիրակության ներկայացուցիչ Զառա Ամատունին։
Նա առանց թիվ հրապարակելու հավելեց` օգնել են նրանց կապ հաստատել ընտանիքների հետ։
Պաշտոնական տվյալներով` վերջին արյունալի մարտերից հետո հայկական կողմն ունի առնվազն 20 ռազմագերի։
Հայաստանի տարածքի վրա ադրբեջանական հարձակման հետևանքով հայկական կողմն առնվազն 207 զոհված և անհետ կորած ունի, Բաքուն 79 զոհի մասին է հայտնել։ Հայաստանի կառավարությունը դեռ չի հրապարակել զոհերի անունները։