Լիլիթ Շախկուլյանը 21 տարեկան է, ընտանիքի հետ արդեն երկրորդ անգամ է տունը լքում: 2020-ին Ադրբեջանին անցած Քարվաճառում (Քելբաջարում) տուն-տեղը թողել ու Ջերմուկ էին տեղափոխվել, ինքը բուժքույր էր, ամուսինը` զինվորական: Երկուսն էլ մասնակցել են 44-օրյա պատերազմին:
Քարվաճառից հետո Ջերմուկում էին վարձով ապրում մինչև սեպտեմբերի 13-ի գիշերը, երբ ադրբեջանական կողմը սկսեց կրակել ուղիղ քաղաքի վրա: Այս անգամ փախչելիս արդեն 6 ամսական երեխան էր գրկին:
«Միանգամից սկսվեցին կրակոցների ձայները, ահավոր էր, անգամ երևի Քարվաճառի ժամանակ այդպիսի ձայներ չկային: Տպավորություն էր, որ տան մեջ էին խփում, կրակոցի լույսեր, անտառներին էին խփում, տեսնում էինք` ոնց էր տրաքում: Ես երեխային վերցրի, գրկեցի, ամուսինս ասաց` շուտ արեք, դուրս գաք էստեղից: Դեպի Երևան, տարածքից դուրս եկանք, ճանապարհի կողքերից երևում էր` ոնց էին խփում շենքերից մի քիչ մոտիկ, անտառներին: Դե վախ կար, որ մեքենային էլ կխփեին ամեն պահ: Գիշերանոցով արագ դուրս եկանք, տղաները մնացին, մենք դուրս եկանք: Այստեղ բարեկամ ունեինք, եկանք, իրենց տանը մնանք», - պատմում է Լիլիթը:
Քելբաջարում տուն-տեղը թողած Լիլիթի բազմանդամ ընտանիքը ամսական 40 հազար դրամ աջակցություն էր ստանում, հետո այդ գումարը 25 հազար է դարձել: Դա էլ, ասաց, արդեն 2-3 ամիս է` չեն ստանում: Պետությունն այս ընտանիքին 20 հազար դոլար է հատկացնելու, որ տուն գնեն: Երկու ամիս առաջ են թղթերը ստորագրել:
Ամուսինն ու սկեսրայրը Ջերմուկում շարունակում էին զինվորականի իրենց աշխատանքը, չհասցրին գումար հավաքել, որ երբ ստանան այդ 20 հազար դոլարը, ավելացնեն դրան ու տանիքի հարց լուծեն: Հիմա Երևանում են, ազգականների 50 քառակուսի մետրանոց տանն են ապրում 9 հոգով: Թաղապետարանից օգնություն են ստացել ձեթ, հնդկաձավար և առաջին անհրաժեշտության պարագաներ:
Ինչքա՞ն կարելի է բարեկամների տանն ապրել, ասում է նա, աշխատանք եմ փնտրում, որ տուն վարձեմ: Տեղյակ են` կառավարությունն այս հարցով չի կարող աջակցել, որպես վերջին տարբերակ Վայոց ձորի մարզում կարող են ժամանակավոր կացարան ստանալ, բայց վեց ամսական երեխայի հետ չի համարձակվում ետ գնալ:
«Ահռելի գներ են, 150 հազարով նորմալ վիճակում էլ չենք գտնի, Երևանի տարածքում ենք ուզում, որ գոնե բոլորս կարողանանք աշխատել: Երևանին էլ մոտ ախր տրանսպորտի խնդիր է լինում, չնայած այնպես էլ չի, որ հարակից տարածքներում էժան է: Այստեղ դիմել ենք, փոքրիկ օգնություն են տվել` ուտելիք` գրեչկա, բրինձ, փոշի, դե էլի օգնություն է, բայց հիմա տունը պիտի լինի, որ հասկանանք` ինչ ենք անում», - ասում է նա:
Կառավարությունում չեն բացառում, որ կացարանի խնդիր ունեցող տեղահանվածներ կան. տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Վաչե Տերտերյանն «Ազատության» հետ զրույցում ասաց` այդ հարցը հիմնականում լուծված է, որովհետև Գեղարքունիքի, Վայոց ձորի, Սյունիքի մարզպետարանների աջակցությամբ այդ բնակիչները հենց իրենց մարզերում առավել ապահով բնակարաններում են փորձում ժամանակավոր կացարանում տեղավորվել:
Մինչև ՄԻՊ-ը հայտարարում է, որ 7600 տեղահանված կա, նախարարությունից թիվ չեն հայտնում, սիստեմատիկ կարիքի գնահատում չեն իրականացրել, թվերն էլ ամեն րոպե փոխվում են, ասացին: Կառավարությունն, ըստ փոխնախարար Տերտերյանի, տուժած երեք մարզերից յուրաքանչյուրին 50 միլիոն դրամ օժանդակություն է տրամադրելու: Ըստ կարիքի թիվը գուցե փոխվի, հաշվառում են վնասված տները, անասնագոմերը և այլ շինություններ, որ սկսեն վերականգնել:
«Բոլոր այն բնակարանները, շինությունները, կրկնում եմ մասնավոր բնատիրությունների մասին է խոսքը, որոնք ավելի վնասված են, քան կարելի է վերականգնել օպերատիվ արագ միջամտությամբ, դրանք համար կլինի այլ մոտեցում: Այն բնակարանները, որոնք կարելի է շատ արագ վերականգնել, դա կնշանակի, որ շատ արագ այդ մարդիկ կվերադառնան իրենց տուն», - շեշտեց պաշտոնյան:
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունն էլ մի հարթակ է ստեղծել, որտեղ տեղահանված մարդիկ իրենց տվյալներն ու կարիքներն են լրացնում: Փոխնախարար Աննա Ժամակոչյանի հավաստմամբ` մարզպետարանները տեսնում են դրանք ու սկսում զբաղվել: Ըստ նախարարության` մինչև այսօր միասնական սոցիալական ծառայության զանգերի կենտրոնը 1063 զանգ է ստացել, որից ռեալ կարիքի պահանջ են ներկայացրել շուրջ 200-ը: Կացարանի կարիք ունեցել է շուրջ 20 տոկոսը:
Փոխնախարարն ասում է` Երևանում, ցավոք, նախարարության բնակֆոնդը սպառված է. «Շրջանառու ֆոնդն այնքան մեծ ծավալներ չունի, որպեսզի հնարավորություն ունենա հրատապ արձագանքի կարիքի դեպքում որոշակի բնակելի տարածք տրամադրել, բայց ընդհանուր առմամբ քանի որ մարզերում բնակելի տարածքները կան, կացարանի հնարավորությունը կա, մենք խնդիր չենք տեսնում, որ կարողանանք ուղղորդել: Մենք հենց հիմա էլ նույն Ջերմուկի բնակիչներին նաև տեղեկացնում ենք, որ իրենց մարզի շրջանակներում կարող են ևս կացարան ստանալ»:
Չնայած երկու գերատեսչություններից էլ պնդում են, որ մարզպետարանների, համայնքների, հասարակական կազմակերպությունների ու տարբեր նախաձեռնող խմբերի միջոցով տեղահանված մարդիկ ստանում են անհրաժեշտ օգնությունները, շատերը նաև իրենց համայնքներում կացարանով ապահովվում, այդուհանդերձ «Ազատության» հետ զրույցում գնդակոծության տակ հայտնված մարդիկ ասել էին, որ գնալու տեղ չունեին: Այս մասին «Ազատության» եթերում նաև Մարդու իրավունքների պաշտպանն էր նշել` ընդգծելով` մարդիկ նաև անհրաժեշտ կառույցների հետ կապ հաստատելու տարրական խնդիրներ են ունենում:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Կին զինծառայողին թիրախավորել էին, ոչ միայն որովհետև զինծառայող էր, հայ, այլև կին. ՄԻՊՄինչև պետական կառույցները կհաշվառեն կարիքները, 21-ամյա Լիլիթը Երևանում է փորձում աշխատանք գտնել, ասում է` կառավարությունը գոնե վարձով տան վճարի հարցում աջակցեր, որ կարողանային իրենց աշխատածը կուտակել և ավելացնել ստանալիք 20 հազար դոլարին, հակառակ դեպքում իրենց բազմանդամ ընտանիքը դրսում կմնա: