Տիգրան Ավինյանն ընտրվեց Երևանի փոխքաղաքապետ

Երևանի ավագանին արտահերթ նիստում առաջին հարցով քննարկեց, ձայների 44 կողմ, 0 դեմ, 2 ձեռնպահ հարաբերակցությամբ, նախկին փոխվարչապետ, իշխող ուժի քաղաքապետի թեկնածու Տիգրան Ավինյանին ընտրեց Երևանի փոխքաղաքապետ։

Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը նախքան քվեարկությունը հույս հայտնեց, որ պետական ապարատում Ավինյանի ունեցած փորձառությունը հնարավորություն կունենան կիրառել և այն խնդիրները, որոնք ծառացած են Երևանի առջև, համատեղ ուժերով կլուծեն։

Ավինյանը նախ խնդրեց մեկ րոպե լռությամբ հարգել զոհված զինվորների հիշատակը, ապա անցավ բույն ելույթին՝ նշելով, որ «յուրաքանչյուր պաշտոն կամ կարգավիճակ միջոց է նպատակների, գաղափարների իրականացման և խնդիրների լուծման համար»։

Անդրադառնալով դիտարկումներին, թե խնդրահարույց չէ՞ փոխվարչապետից հետո նշանակվել Երևանի փոխքաղաքապետ, Ավինյանն ասաց, որ անկախ նախկինում զբաղեցրած բարձր պաշտոններից, անկախ առաջիկա ընտրությունների հետ կապված բոլոր քննարկումներից, «իր համար մեծագույն պատիվ է լինել իր ծննդավայր Երևանի փոխքաղաքապետ, ծառայել քաղաքին և երևանցիներին»։

«Ես շնորհակալ եմ ընձեռած հնարավորության համար», - ասաց Ավինյանը։

Հարցին, թե հիմնականում ո՞ր ոլորտներն է համակարգելու, Ավինյանը պատասխանեց՝ դրանք ընդհանուր առմամբ հինգն են՝ թաղապետարանների համակարգում ու վերահսկում, շինբարեկարգում, կանաչապատում, մշակույթ և կառավարության հետ իրականացվող աշխատանքներ, կառավարության հետ իրականցվող խոշոր ծրագրեր, որտեղ, հաշվի առնելով կառավարությունում ունեցած փորձը, իր ներդրումը, կարծում է, դրական կլինի։

Տե՛ս նաև այստեղ