Իշխող ուժի քաղաքապետի թեկնածուն՝ Տիգրան Ավինյանն այսօր կնշանակվի փոխքաղաքապետ։ Սա ավագանու օրակարգի առաջին հարցն է։
Ինչո՞վ է Ավինյանի նշանակումը հրատապ, որ արտահերթ նիստ են հրավիրել։ Ավագանու անդամ Էռնեստ Ավանեսովը չգիտի։
«Էդ ինչ լուրջ փոփոխություն է տեղի ունենալու քաղաքում, որ այս պահին պետք է այդ արտահերթ նիստով, փաստորեն, առաջ գցել դա», - ասաց Երևանի ավագանու անդամը։
Ավանեսովն այսօրվա նիստին չի մասնակցի։ Օրակարգն, ասում է, համահունչ չէ պատերազմական դրությանը։ Նրա կարծիքով՝ քաղաքային իշխանության համար առաջնային պետք է լինեին ապաստարանների, կրակի տակ հայտնված բնակավայրերից Երևան տեղափոխված քաղաքացիներին տեղավորելու, աջակցելու հարցերը։ Միայն այդ հարցերը։
«Այսօրվա օրակագը չի արտացոլում այսօրվա մեր երկրի ու քաղաքի մարտահրավերները», - ասաց ավագանու անդամը։
Էռնեստ Ավանեսովն իշխող խմբակցությունից դուրս է եկել 44-օրյա պատերազմից հետո։ Նիստերին ակտիվ մասնակցում է, լինում են հարցեր, որ կողմ է քվեարկում։ Ավինյանի հարցը անցած շաբաթվա արտահեր նիստի օրակարգում էր, հետաձգվեց պատերազմի պատճառով։ Իսկ ի՞նչ է փոխվել այս շաբաթ, զարմանում է ավագանու անդամը։
«Էս իշխանության պարագայում, օրինաչափ է, մարդիկ զբաղվում են նրանով, ինչ-որ կարող են անել», - ասաց Ավանեսովը։
Ի՞նչ նշանակություն ունի ապաստարանների կամ այլ հարցով նախագիծ կա՞, թե ոչ, թող գան ու նիստին քննարկեն այս հարցերը, Ավանեսովին հակադարձում է իշխող խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանը։
«Դրա համար ավագանու որոշման նախագիծ այս պահին չի ենթադրվում, միգուցե մյուս նիստին, կամ մյուս ամիսներին ենթադրվի, բայց այս պահին այդպիսի նախագծի անհրաժեշտություն չկա», - ասաց Գալջյանը։
Տիգրան Ավինյանը «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի օրերին էր դեպքի վայրից հայտնել, որ այնտեղ է որպես քաղքապետի թեկնածու։
Ընտրությունները հաջորդ տարվա դեկտեմբերին են։ Ընդդիմությունը Երևանի ավագանու ընտրություններում մասնակցության ու թեկնածուի մասին առայժմ ոչինչ չի հայտարարել։ Նախկին քաղաքապետ Հայկ Մարությանի վերադարձը հայտնի չէ։ Խոստացել է բեմից հայտնել։
«Եվրոպական» կուսակցության թեկնածուն է հայտնի՝ երգիչ Ռուբեն Հախվերդայնն է։ Երևանի քաղքապետի պաշտոնի համար կպայքարի նաև նախկին պատգամավոր Տիգրան Արզաքանցյանի կինը՝ Նատալյա Ռոտենբերգը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ո՞վ կլինի Երևանի14-րդ քաղաքապետը