Ադրբեջանի արտաքին գերատեսչության ղեկավար Ջեյհուն Բայրամովը պնդում է, որ իր երկիրը ցանկանում է խաղաղ եղանակով կարգավորել Հայաստանի հետ վեճերը:
«ԱՄՆ-ի պետքարտուղարի և Հայաստանի արտգործնախարարի հետ եռակողմ հանդիպման ընթացքում ես վերահաստատել եմ, որ Ադրբեջանը հաստատակամ է խաղաղության պայմանագիր կնքելու հարցում»,- Real TV ադրբեջանական հեռուստատեսության թղթակցի հետ զրույցում ասել է Բայրամովը:
Նրա պնդմամբ, անմիջապես պատերազմի ավարտից հետո Ադրբեջանը Հայաստանին խաղաղության պայմանագիր է առաջարկել:
«Անցած երկու տարում տարածաշրջանում բոլոր խաղաղ նախաձեռնությունները հենց Ադրբեջանն է ներկայացրել»,- ասել է Բայրամովը:
Նա պնդել է, թե Հայաստանն է պատասխանատվություն կրում հրադադարի ռեժիմը խախտելու համար:
«Հայաստանն ասել է, թե ընդունելի է համարում մեր ներկայացրած հինգ հիմնարար սկզբունքները և կողմ է, որ սահմանազատում ու սահմանագծում իրականացվի: Բայց Հայաստանի խոսքն ու գործը չեն համընկնում: Ինչո՞ւ մինչև հիմա հայկական ուժերը դուրս չեն բերվում Ղարաբաղից, ինչո՞ւ է Հայաստանը 2021 թվականից հետո ավելի քան 1300 ական տեղադրել Լաչինում: Այս պայմաններում ի՞նչ խոսք կարող է լինել եռակողմ հայտարարությանը հավատարիմ լինելու մասին: Հայաստանը պետք է հրաժարվի սադրանքներից և վերադառնա խաղաղության օրակարգով կառուցողական երկխոսության»,- ասել է Բայրամովը Real TV-ին:
Ադրբեջանի արտգործնախարարը նաև քննադատել է ԱՄՆ-ի Կոնկգրեսի Ներկայացուցիչների տան խոսնակ Նենսի Փելոսիին Երևանում հնչեցրած հայտարարությունների համար:
Նենսի Փելոսին միանշանակ դատապարտել է Հայաստանի դեմ Ադրբեջանի վերջին հարձակումը։
«Մեր համոզմամբ, հիմա՝ առավել նրբանկատություն պահանջող այս պահին, երբ կա փխրուն խաղաղության հույս, նմանօրինակ հայտարարությունները սոսկ կարող են ոգևորել Հայաստանի ռևանշիստական ուժերին: Դրա համար նրա այդ հայտարարությունը մենք «քաղաքական անպատասխանատվություն» ենք համարում»,- ասել է Բայրամովը:
Ջեյհուն Բայրամովը վստահեցրել է, որ Ադրբեջանը հետագայում էլ կշարունակի առաջ տանել խաղաղության օրակարգը Հարավային Կովկասում: