ՀՀ-ն պատշաճ չէր պատրաստվել՝ հանգեցնելով մեծ թվով զոհերի և տարածքային կորուստների. Տիգրան Աբրահամյան

«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանի տպավորությամբ` պատերազմական գործողությունները կիսատ են մնացել: «Իրավիճակը այդպես կարելի է բոնորոշել», - «Ազատության» հետ զրույցում ասաց նա:

Ներկայացնում ենք հատված հարցազրույցից.

«Ազատություն» . - Դուք այցելել էիք վերջին իրադարձությունների էպիկենտրոն: Ի՞նչ պատկեր եք արձանագրել:

Տիգրան Աբրահամյան. - Հաշվի առնելով հանգամանքը, որ, ըստ էության, պատերազմական գործողությունները կիսատ են մնացել, իմ տպավորությամբ` իրավիճակը այդպես կարելի է բնորոշել, այս պահին դեռ դետալացված ամեն ինչի մասին չենք խոսում: Այն տեղեկատվությունը, այն լրջությունը, սպառնալիքները` սկսած տեսողականից` հակառակորդի շարժեր և քաղաքական հայտարարություններ, վերջացրած մնացած կոմպոնենտներով, որոնք եղել են, ստիպում էին Հայաստանի իշխանություններին Զինված ուժերը բերել մարտական պատրաստության համապատասխան վիճակի:

Այնտեղ կան տարբեր ռեժիմներ, տարբեր պատրաստվածության մակարդակ, բայց այս վերջին ագրեսիան և այն իրավիճակը, ինչով մենք թշնամուն «դիմավորել ենք», ցույց են տալիս, որ Հայաստանի իշխանությունը այս դեպքում ևս, ունենալով համապատասխան տեղեկատվություն, պատշաճ ձևով նախապատրաստություն չի իրականացրել, ինչի արդյունքում ողջ ծանրությունն ընկել է մեր զինծառայողների և Զինված ուժերի վրա, և դրա արդյունքում է նաև, որ մենք ունենք այսքան մեծ մարդկային և տարածքային կորուստներ:

«Ազատություն» . - Երբ ասում եք` կիսատ է մնացել պատերազմը, այսինքն` նոր հարձակման տեսանելի վտանք ե՞ք տեսնում:

Տիգրան Աբրահամյան. - Այո, սա առաջին հերթին և բխում է Հայաստանի իշխանությունների հնչեցվող հայտարարություններից: Ճիշտ է, ընդհանուր առմամբ այդ իշխանությունների նկատմամբ վստահության մակարդակը ցածր է, և այնպես չէ, որ որպես վերջին ճշմարտություն են դրանք ընկալվում, բայց երբ դրանք նաև դիտարկում ես եղած բաց տեղեկատվության հիման վրա, Ադրբեջանի վարքագծի վրա, նաև տարբեր ուղղություններից եկող այն տեղեկությունների, որ կան մեծ տեղաշարժեր, այս պարագայում այդ հայտարարությունները որոշակիորեն մոտ են ճշմարտությանը, և երկրորդը` կա շատ ավելի մեծ գործոն` իրականության մեջ այն պահանջը, որը Ադրբեջանը բարձրաձայնել էր և որի մասին հայտարարել էր, օրինակ` ամենակարևորը իր կողմից միջանցքի գաղափարի իրագործումը, և այն, որ եթե Հայաստանը բանակցությունների միջոցով դրան չհամաձայնի, ապա դա տեղի է ունենալու ուժի կիրառման միջոցով, սա ինքնին արդեն ցույց է տալիս, որ այստեղ ունենք բավականին մեծ խնդիր, որովհետև Հայաստանի իշխանությունը հայտարարել է կարիդորի անթույլատրելիության մասին, իսկ Ադրբեջանը շարունակում է պնդել, որ եթե արդյունավետ բանակցություններ չլինեն, դրա տակ նկատի ունի իր պահանջների բավարարումը, ապա նա դա կանի ուժի կիրառման միջոցով:

Իհարկե, կան նաև երկու այլ պահանջներ, որոնք բարձրաձայնվում են, առաջինը Արցախը Ադրբեջանի կազմում ճանաչելն է, իսկ Նիկոլ Փաշինյանի Ազգային ժողովի հայտարարությունը ցույց տվեց, որ իրականության մեջ Հայաստանի իշխանությունը և հենց Նիկոլ Փաշինյանը խնդիր չունի Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչելու, այդ թվում` Արցախն Ադրբեջանի կազմում, երկրորդը` այսպես կոչված` «անկլավների» թեման է, որը տարբեր փուլերում բարձրաձայնվել է: Սրա հետ կապված էլ կարծես Հայաստանի իշխանությունը որևէ խնդիր չունի:

Եվ սկզբունքային թեման, որը այսօր բարձրաձայնվում է, և կարծես դրանով են նաև բոլոր գործընթացները կառուցվում, դա այդ միջանցքի գաղափարն է, որի հետ կապված, արդեն նշեցի, Հայաստանի իշխանությունը դեմ է արտահայտվում, իսկ Ադրբեջանը հայտարարում է, թե դրան պատրաստ է հասնել նաև ուժի կիրառման միջոցով: Սրանով է պայմանավորված, որ ես համարում եմ, որ գործընթացը, ըստ էության, փակուղում է, եթե ինչ-որ կտրուկ փոփոխություններ չլինեն, և սա, բնականաբար, հղի է նոր ռազմական գործողությունների շարունակմամբ:

«Ազատություն» . - Դուք համաձայն չե՞ք, որ Ռուսաստանն էլ է շահագրգռված միջանցքի հարցում:

Տիգրան Աբրահամյան. - Անկեղծ ասած` չեմ տեսնում Ռուսաստանի շահագրգռվածությունը ոչ քաղաքական, ոչ տնտեսական առումով: Միգուցե, դրանք որոշակի տարբերվում են իրանական մոտեցումներից, որովհետև Իրանը շատ ավելի կատեգորիկ է այդ հարցում: Ռուսաստանի մոտեցումը, որքան ես եմ հասկանում, հետևյալն է` եթե ստեղծում են միջանցք, ապա դա լինում է իր վերահսկողությամբ, իսկ թուրք-ադրբեջանական մոտեցումն այն է, որ դա պետք է լինի դասական առումով միջանցք և որևէ ձևի վերահսկելի չլինի: Այս պարագայում Հայաստանի իշխանությունները առհասարակ դեմ են գոնե հրապարակային արտահայտվում այդ միջանցքային տրամաբանությանը, որը իրականում բավականին լուրջ անվտանգային հարված կլինի ՀՀ ողնաշարին:

«Ազատություն» . - Որովհետև այդ թվում և այս տաղավարում շատ է հնչել այն միտքը, որ միջանցքի հետևում Ռուսաստանի «ականջներն են երևում»:

Տիգրան Աբրահամյան. - Անկեղծ ասած` չեմ տեսնում, որովհետև չեմ տեսնում, թե դա իրեն ինչ է տալիս: Մի կողմից ունենք նոյեմբերի 9-ի փաստաթուղթը, որը, ըստ էության, արտահայտում է, ինչ որ Ռուսաստանն է այսօր հայտարարում, այսինքն` կարող է լինել ճանապարհ, որը կարող է լինել ռուսական վերահսկողության ներքո: Ըստ էության, դա նկարագրված է միջանցք, բայց փաստաթղթում շատ ավելի գեղեցիկ ձևակերպում է դրան տրված, բայց ամեն դեպքում Ադրբեջանի, Թուրքիայի պահանջները նոյեմբերի 9-ի փաստաթղթին չեն համապատասխանում: