Հայաստանը հերքում է հայկական ուժերի կողմից Քարվաճառի ուղղությամբ կրակելու Ադրբեջանի պնդումը

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, թե «սեպտեմբերի 21-ի լույս 22-ին գիշերը, մոտավորապես ժամը 2-ին, հայկական ուժերը սադրիչ գործողություններ են կատարել Քելբաջարի (Քարվաճառ) ուղղությամբ»:

Ըստ ադրբեջանական պաշտպանական գերատեսչության՝ հայկական ուժերը խոշոր տրամաչափի զինատեսակներից, նռնականետերից և ականանետերից, իբր, կրակ են բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ: Տուժածների մասին հաղորդագրությունում տվյալներ չկան:

Նախարարությունը պնդում է, թե «ամբողջ պատասխանատվությունը հայ-ադրբեջանական սահմանին առաջացած հերթական լարվածության համար Հայաստանի քաղաքական և ռազմական ղեկավարությունն է կրում»:

«Ազատության» հարցմանն ի պատասխան, Հայաստանի պաշտպանության նախարարությունը հերքել է ադրբեջանական կողմի ներկայացրած մեղադրանքը և այն «ապատեղեկատվություն» է որակել:

Հայ-ադրբեջանական սահմանին ինտենսիվ ռազմական գործողությունները սկսվել են սեպտեմբերի 13-ի կեսգիշերին:

Պաշտոնական Բաքուն պնդում է, թե ուժի է դիմել «սադրանքների» պատճառով, որոնցով Երևանն իբր փորձում է տապալել երկու երկրների միջև խաղաղության գործընթացը: Հայկական կողմը կտրականապես հերքում է այդ մեղադրանքը:

Սեպտեմբերի 14-ի երեկոյան Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղարը հայտարարեց, որ միջազգային հանրության ներգրավվածության շնորհիվ հաջողվել է ձեռք բերել հրադադարի պայմանավորվածություն՝ այլ մանրամասներ չհայտնելով: Հրադադարը մինչ օրս հիմնականում պահպանվել է:

Հայկական կողմը օրերս պաշտոնապես հայտնեց, որ Ադրբեջանի զինված ուժերի լայնածավալ ագրեսիայի հետևանքով զոհվածների և անհետ կորածների թիվը հասնում է 207-ի, Բաքուն 79 զոհի մասին է հայտնել: Երեկ Կարմիր Խաչի միջոցով հայկական կողմին է փոխանցվել 95 զինծառայողի դի: