Արևմուտքը չի հանդուրժի Հայաստանի վրա հարձակումը, բայց դա բավարար չէ. իրավապաշտպան

Արևմուտքը չի հանդուրժի Հայաստանի վրա հարձակումը, բայց դա բավարար չէ, «Ազատության» հետ զրույցում հայտարարեց Խորհրդային Միության այլախոհ, իրավապաշտպան Վարդան Հարությունյանը:

Ստորև ներկայացնում ենք հատված հարցազրույցից.

Վարդան Հարությունյան. - Հայաստանի Հանրապետության սահմանին Ադրբեջանի նախաձեռնած հարձակումը, իհարկե, սարսափելի էր, անակնկալ էր, նաև ինչ-որ տեղ անսպասելի, որովհետև ինչ-որ կրակոցների մասին միշտ էլ կարելի էր մտածել, բայց լայնածավալ պատերազմ, փորձել ճեղքել երկրի սահմանը, պետական սահմանը և անցնել այդ սահմանը, դա մի քիչ անակնկալ էր: Բայց Ադրբեջանն իր այդ քայլով ստեղծեց մի նոր իրավիճակ Հայաստանի շուրջ, այսօր 2020 թվականի ստեղծված իրավիճակից այլ իրավիճակ ունենք, երբ հավաքական Արևմուտքը, ազատ աշխարհը կարողացան արդեն տարբերակել և տարանջատել Հայաստանը Ադրբեջանից, կոնկրետ թիրախներ նշել: Ես նկատի ունեմ առաջին հերթին Ամերիկայի Միացյալ Նահանգներին, ապա Ֆրանսիային, նրանք նաև Մինսկի խմբի համանախագահ երկրներ են, որոնք անմիջականորեն ներգրավված են մեր ընթացքի մեջ:

ԵՎ՛ Փելոսի այցը, և՛ Պետդեպարտամենտի հայտարարությունները, հեռախոսազանգերը, որ եղան, դրանք բոլոր խոսում են այդ ստեղծված նոր իրավիճակի մասին: Հիմա, որ ընդունված տարբերակով ասենք, գնդակը Հայաստանի իշխանությունների դաշտում է, ինչպե՞ս նրանք կկարողանան հասկանալ դա, ինչպե՞ս կկարողանան էդ փոքր ազդակը գեներացնել և օգտագործել մեր օգտին, կկարողանա՞ն արդյոք նրանք ճիշտ քայլեր անել, ճիշտ թիրախների հարվածել, որպեսզի այն աջակցությունը, որ հնարավոր է, որ մենք ունենանք, քառապատկվի, տասնապատկվի, հարյուրապատկվի:

«Ազատություն». - Թեկուզ Ձեր վկայակոչած ամերիկյան ջանքերը կամ Արևմուտքի այլ հասցեական հայտարարությունները արդյոք չե՞ն վկայում, որ չի հանդուրժվելու Հայաստանի նկատմամաբ ոտնձգություն:

Հարությունյան. - Այո, չի հանդուրժվելու, հաստատ է, որ չի հանդուրժվելու, բայց դա չի նշանակում, թե մենք պետք է ձեռքներս ծալած նստենք ու մտածենք՝ չի հանդուրժվելու, մեր հակառակորդն էլ իր քայլերն է անելու և անում է: Նրանք նույնպես մտածում են՝ ինչպես անեն, որպեսզի իրենց ծրագրերն իրականություն դարձնեն, այնպես որ հույսը դնել միայն դրսից հնչող աջակցության վրա կամ դրսից հնարավոր օգնությունների վրա, սխալ է, մենք պետք է մեր քայլերն անենք: Խատիսյանն ասում էր, որ՝ այո, անգլիացիները մեզ աջակցում էին, Անտանտը մեզ աջակցում էր, բայց վերջին հաշվով Հայաստանին մնաց այն, ինչ հայերը կարողացան պահել, ոչ թե որ նրանք մեզ լավ չէին օգնում, այլ նրանց օգնությունը բավարար չի, որպեսզի դու ունենաս էն, ինչ որ դու ցանկանում ես ունենալ: Նրանց օգնությունը կարող է օգնել, որ դու ավելի լավը ունենաս կամ ավելի հստակ լինի քո ունեցածը, այնպես որ մեր դիվանագիտությունը պետք է աշխատի:

Ես մեծ հույսեր չունեմ, բայց հանգամանքները երևի պետք է ստիպեն, որպեսզի նրանք աշխատեն, ճիշտ եզրակացությունների հանգեն ու ճիշտ քայլեր անեն: Նրանք երևի թե պետք է հասկանան, որ իրենց հնարավորությունները սահմանափակ են և դիմեն այլոց օգնությանը, խորհուրդներ լսեն, օգնականներ հրավիրեն: Կարծում եմ՝ պետք է անեն, որովհետև սեղանին դրված է մեր պետության, այո, պետականության լինելիության խնդիրը, մենք 100 տարի առաջ՝ 1920-ին նույն սխալների պատճառով այն կորցրել ենք, այսօր չպետք է կորցնենք: Ինչ վերաբերում է տարածքային կորուստներին Հայաստանի Հանրապետությունից, ապա Հայաստանի Հանրապետությունը այնքան փոքր է, որ մեկ միլիմետրն անգամ հսկայական է և խոսել հնարավորության մասին ինչ-որ բան զիջելու, դա պետք է բացառվի:

Ալիևի այս հարձակումը մեր սահմանների վրա... նա ոգեշնչված էր ռուսական օրինակով. Ռուսաստանն իր այդ քայլով ցույց տվեց, որ կարելի է մտնել հարևանի տարածք, աշխարհակարգ չկա, սահման չկա, ոչինչ չկա: Եվ Ալիևը մտածեց՝ եթե Ռուսաստանն իր չափով կարողանում է դա անել Եվրոպայի սրտում, ապա ես էլ իմ չափով կարող եմ դա անել Հարավային Կովկասում: Ե՛վ Ռուսաստանի կողմից այդ ոտնձգությունն աշխարհը չընդունեց, և՛ Ալիևի կողմից այդ ոտնձգությունը աշխարհը չընդունեց:

«Ազատություն». - Ինչո՞ւ ՀԱՊԿ-ը կամ ավելի ուղիղ՝ Ռուսաստանը, չեն կատարում պարտավորությունները:

Հարությունյան. - ՀԱՊԿ-ը ձևավորման առաջին օրից գիտեինք, որ մահացած կառույց է: Ինչ վերաբերում է Ռուսաստանին, այո, Ռուսաստանը շարունակում է մնալ իրեն հավատարիմ, այդպես նրանք վարվեցին, եթե վերադառնանք Առաջին համաշխարհայինի պատմություն, ավարտական փուլում, երբ մեզ խոստացել էին ամենայն աջակցություն, եթե մենք լինենք իրենց հետ, իսկ մենք իրենց հետ էինք, իրենց բանակի առաջին շարքերում, թողեցին մեզ մեն-մենակ, այնպես էլ այսօր, երբ մենք մեր բոլոր հույսները գոնե վերջին 20 տարվա ընթացքում կապել էինք իրենց հետ, նրանք մեզ վստահեցրել էին, որ՝ այո, միանշանակ իրենք են մեր անվտանգության երաշխավորը, նրանք դա չարեցին:

Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ՝