44-օրյա պատերազմում զոհվածների ծնողներին կարմիր բերետավորները վաղ առավոտյան բերման ենթարկեցին «Եռաբլուր»-ից։ Թևերը ոլորելով, ձեռքերից ու ոտքերից քաշքշելով՝ տանում էին և ուժով խցկում ոստիկանական մեքենաներ։
Կարմիր բերետավորները ճանապարհ էին բացում վարչապետ Փաշինյանի ու նրա թիմակիցների համար, որոնք ըստ պաշտոնական հաղորդագրության, գալիս էին՝ հարգանքի տուրք մատուցելու զոհերի հիշատակին։ Զինվորական պանթեոնում մեծ թվով ոստիկանական ուժեր էին կուտակել:
Համազգեստավորները գործի անցան մինչև Փաշինյանի ժամանելը՝ չխնայելով սևազգեստ մայրերին։ Կանանց տանում էին՝ 4-5 ոստիկանով, ձեռքերից, ոտքերից քարշ տալով։
Զոհերի հարազատները գիշերվանից էին «Եռաբլուրում», որ արգելեին Փաշինյանին հասնել իրենց որդիների շիրիմներին։
Մինչև Նիկոլ Փաշինյանի գալը, կարմիր բերետավորները հասցրեցին շուրջ 40 հոգու մեկուսացնել ոստիկանության բաժիններում։ Նրանց ազատ արձակեցին, երբ պաշտոնյաներն արդեն լքել էին «Եռաբլուր»-ը։
«Գիշերվանից այստեղ էինք, եկել էինք, որպեսզի թույլ չտայինք, որ մեր տղաների մահվան մեջ մողավորը գար, ոտք դներ «Եռաբլուր», - ասաց հավաքվածներից մեկը:
Զոհված Հայկազ Մկրտչյանի մայրը՝ Աննան, որ լուսացրել էր «Եռաբլուր»-ում, մուտքը փակողներից է։ Ասաց՝ կարմիր բերետավորներն իր թևերը ոլորելով՝ բերման են ենթարկել։
«Փակեցինք ճանապարհը որպեսզի չմտնեն, իրենք վայրենիների նման քաշելով, ձեռքերը ոլորելով՝ բերեցին իջացրեցին, նստացրեցին մեքենա, շատ կոպիտ ձևով ու տարան», - «Ազատությանը» պատմեց զոհված զինծառայող Հայկազ Մկրտչյանի մայրը՝ Աննա Մկրտչյանը։
«Վայրագություն», - մեկ բառով է նկարագրում Ժորա Մարտիրոսյանի մայրը՝ Գայանեն, որ դարձյալ լուսացրել էր որդու գերեզմանի մոտ։ Բերման ենթարկելիս՝ նրա ձեռքերն են վնասել։ Ասաց՝ նաև հարվածել են։ «Վայրի ցեղերի նման հարձակվեցին մեզ վրա՝ մամաներ, պապաների վրա ու ինչ կերպ էստեղից հեռացրեցին։ Մենակ չէին քաշքշում, խփում էին նույնիսկ», - ներկայացրեց Գայանեն։
Հրանուշ Սուքիասյանի ինքնազգացողությունը վատացել է, ու այդ պատճառով միայն բաժին չի հասել։ Նա միակ որդուն է կորցրել 44-օրյա պատերազմում։ Մի քանի ամիս էր մնացել, որ 19-ամյա Արթուր Սուքիասյանը զորացրվեր։ Ջաբրայիլում է զոհվել։ Մայրը մինչև լուսաբաց որդու գերեզմանն է հսկել, որ իշխանականները մոտ չգնան։
«Ինքը անկախություն չի թողել, որ էսօր գար ու նշեր էրեխեքի մոտ, էրեխեքն են անկախությունը թողել մեզ, իրանք արժանի չեն, մինչև էսօր անթաղ դիակները լցված են, թող գնա էդ հարցով զբաղվի ու ցուցակները հրապարակի, որ ծնողն իմանա՝ իրա էրեխեն ողջ ա, թե մահացած», - ասաց Սուքիասյանը:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ «Եռաբլուրից» բերման են ենթարկվել զոհված զինծառայողների շուրջ չորս տասնյակ հարազատներԶորանուշ Հարությունյանը իշխանությանն ու անձամբ Փաշինյանին է մեղադրում, որ ամեն ինչ կորցրել է։ Հադրութի Տող գյուղում էին ապրում։ Հադրութը Ադրբեջանին է հիմա։ Ասաց՝ իշխանական չորս պատգամավորի արգելել է մոտենալ որդու շիրիմին. «Ես չթողեցի չորս պատգամավոր իջան, չթողեցի իմ երեխայի մոտ ծաղիկ դնեն, ասացի՝ պետք չի դնեք, ու չդրեցին, ծաղիկը ձեռքը գլուխները կախ չորս պատգամավոր բարձրացան վերև»:
Զոհերի ծնողների ակցիան խաղաղ էր, ոստիկանների գործողություններն իրավաչափ չեն։ Ասաց նրանց ներկայացուցիչ Վահան Հովհաննիսյանը։ Մայրերից երկուսն, ըստ փաստաբանի, մարմնական վնասվածքներ են ստացել ոստիկանության գործողություններից։ Հանցագործության մասին հաղորդում կներկայացնեն ավելի ուշ։
«Թեպետ գիտենք՝ դրա արդյունքը ինչ է լինելու, բայց ամեն դեպքում մենք այդ քայլին կդիմենք», - նշեց Հովհաննիսյանը:
Ժամեր անց Ոստիկանությունն ու Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը արձագանքեցին կատարվածին, երբ սոցիալական ցանցերում աղմուկ բարձրացավ, մարդիկ քննադատեցին ու ամոթանք տվեցին ոստիկանությանն ու իշխանությանը։ Ոստիկանությունն ու ՄԻՊ գրասենյակը ուսումնասիրում են իրավապահների գործողությունները։
Երջանիկ Սարուխանյանը թոռան՝ Նարեկ Սահակյանի համար էր «Եռաբլուր»-ում։ Նարեկն էլ 19 տարեկանում է զոհվել։ «Մայրը մահացած էր, երբ բանակ զորակոչվեց, ես եմ պահել մեծացրել», - պատմեց տատը։
«Իմ թոռը 2020 թվին զոհվեց, տալիս թոռն էլ՝ հիմա, չկա, էրեխեն չկա ու չեն էլ ասում՝ ո՛չ զոհվածների ցուցակում են ասում, ո՛չ գերիների ցուցակում են ասում, անհայտների ցուցակում է, այդ անհայտներն էլ սառնարաններում են երևի, կամաց-կամաց ի հատ եմ բերում», - ընդգծեց Երջանիկ Սարուխանյանը:
«Ինչքա՞ն կարելի է կորցնել ու համբերել», - հարցնում է զոհված Նարեկի տատն ու ցույց տալիս քիչ հեռվում կանգ չառնող էքսկավատորները, որ փոսեր են փորում վերջին օրերի, հարյուրավոր զոհերի համար։