Ամիսների դադարից հետո Ռուսաստանն այսօր հրապարակել է Ուկրաինայում իր զոհերի թիվը՝ 5 հազար 937 մարդ:
Կիևի և արևմտյան պետությունների հաշվարկներով՝ Ռուսաստանի կորուստները անհամեմատ ավելի մեծ են:
Ապրիլին հայտնի դարձավ Ուկրաինայում զոհված ավելի քան 3 հազար ռուսաստանցի զինվորների անունները։ Կրեմլը վերջին անգամ զոհերի թվի մասին հայտնել էր մարտի 25-ին, երբ այսպես կոչված՝ «հատուկ ռազմական օպերացիայի» սկզբից մեկ ամիս էր անցել: Այդ օրը Պաշտպանության նախարարության խոսնակ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովն ասել է, որ զոհվել է 1351, և վիրավորվել է 3 հազար 825 ռուսաստանցի զինծառայող:
Մինչդեռ, BBC ռադիոկայանի ռուսական ծառայությունը հայտնել էր, որ Ռուսաստանն Ուկրաինայում արդեն կորցրել է 3 հազար 52 զինծառայող: Ընդ որում, իրական թիվն, ըստ ռադիոկայանի, կարող է հասնել 12-ից 18 հազարի:
Ինչո՞ւ էր նշվում ճիշտ 3 հազար 52 թիվը: BBC-ն պարզաբանել էր, որ խոսքն անուն-ազգանուններով հաստատված զոհերի մասին է, որոնց հուղարկավորման հստակ վայրը նույնպես հայտնի է: BBC-ն ենթադրում է, որ Ուկրաինայում զոհերի իրական թիվը պաշտոնականի համեմատ 40-ից 60 տոկոսով ավելին է:
Բրիտանական հետախուզությունն էլ դեռ ապրիլին ենթադրում էր, որ ռուսներն Ուկրաինայում կորցրել են մոտ 15 հազար մարդ՝ այնքան, ինչքան Աֆղանստանի դեմ Խորհրդային Միության վարած պատերազմի ամբողջ 9 տարիների ընթացքում:
Ոչ Կիևի և ոչ էլ Մոսկվայի հայտնած թվերն այսօրվա դրությամբ չի կարելի արժանահավատ համարել:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Հայտնի են Ուկրաինայում զոհված ավելի քան 3 հազար ռուսաստանցի զինվորների անունները