Անցած շաբաթ Հայաստանի սահմաններին տեղի ունեցած բախումներից հետո երկրի հյուսիսում՝ Ադրբեջանի հետ սահմանակից մեկ այլ հատվածում, ծանրութեթև են անում իրենց անվտանգության երաշխիքներն ու մտահոգություններ հայտնում, թե նույնը ցանկացած պահի կարող է տեղի ունենալ Տավուշի մարզում։
«Ոնց նայում ես, անվտանգի բան չկա»:
«Մեկ էլ տեսար` հարձակվեցին, ի՞նչ իմանաս: Պասպորտ եմ վերցրել, մի երկու շոր, պեչենի, որ եթե մի տեղ մտնենք, մի բան ունենանք էլի», - ասում են նրանք:
Սահմանամերձ Ազատամուտում, որին մի քանի կիլոմետր է բաժանում հարևան պետությունից, ադրբեջանցիների դիրքերն աչքի առաջ են։ Ազատամուտցիներն ասում են՝ վերջին օրերին տեխնիկայի և մարդկային ուժի կուտակումներ են նկատել ու անմիջապես հավելում, թե զգոն են. «Նրանք ահավոր կուտակված են, ահավոր, մեծ մասշտաբով, մինչև Ոսկեպարը կուտակված են»:
Ի՞նչ գին ենք վճարելու հանուն խաղաղության և ինչո՞ւ տարբեր միջազգային պայմանագրերով երաշխավորված աջակցությունը չենք ստանում դաշնակիցներից, ինչո՞ւ Հայաստանի սպասելիքներն արտաքին աշխարհից չեն արդարանում։ Տավուշում՝ Դիլիջանից մինչև սահմանակից Կայան տարբեր կարծիքներ են, բայց բոլորի խոսքերում միասնության կոչեր են հնչում։ Ասում են՝ հույսը մեր վրա պետք է դնենք։ Աշխարհն անտարբեր եղավ հայաստանցու վշտին։
«Մեր ժողովրդի կեսն ասում է` Ռուսաստանն է լավը, կեսը` Եվրոպան է լավը, հիմա որտե՞ղ գնանք, մնացել ենք երկու քարի արանքում: Փաշինյանն էն օրն ասաց էլի, որ փող ունենք, չեն թողնում` զենք առնենք: Ուրեմն, մենք վատ ենք էլի: Երևի Ռուսաստանն ա էլի, չի թողնում էլի, որ զենք առնենք: Սաղ աշխարհը զենք առնում ա, մենք չենք կարում առնենք», - ասում են նրանք:
«44-օրյա պատերազմից հետո հասարակության մեջ փոխվել է` հակառուսականությունը շատացել է, այ էս ա գաղտնիքը, որ ստեղ բացվեց ահագին բան: Մինչև էդ սպասում էին, որ ռուսն իրենց կփրկի, բազան ստեղ ա, մեր բանակը ուժեղ ա, չեն թողնի, մեզ զինում են, բայց հիմա պարզվեց, որ չէ, մենք գտնվում ենք ծանրագույն վիճակում»:
«Մեզ ոչ մեկը չի օգնի, մեր հույսը մեզ վրա է, ո՞ւմ վրա պիտի դնենք», - հնչեցնում էին այս կարծիքները:
«Պատերազմն էր, մեզ ո՞վ օգնեց, էլի քչից շատ Ռուսաստանն օգնեց: Մերը միշտ էլ ռուսն է եղել»:
Ղարիբ Մանվելյանն ասում է՝ իր հարազատ Կիրանցն Ադրբեջանից մի ճամփաբաժանով է առանձնացված։ Տասնամյակներ շարունակ կողք կողքի են ապրել, բայց այսօր չունի պատասխանը՝ ի վերջո երբևէ կհասնե՞նք խաղաղության, թե՞ ոչ։ Այս հարցին Տավուշում այսօր ոչ ոք այդպես էլ պատասխան չգտավ։
«Չգիտեմ, դա մեծ պրոբլեմ է», - ասաց նա: