Հայաստանի գրեթե բոլոր բնակավայրերում այս օրերին հոգեհանգստյան արարողություններ ու հուղարկավորություններ են։ Անցած շաբաթվա արյունալի բախումներից հետո՝ այսօր Ադրբեջանը Հայաստանին 95 աճյուն է հանձնել, ևս 32-ը փոխանցվել էին օրեր առաջ։
Գործընթացն այսօր տեղի է ունեցել Կարմիր Խաչի միջնորդությամբ, «Ազատությանը» փոխանցեց Միջազգային կառույցի հայաստանյան պատվիրակության ներկայացուցիչ Զառա Ամատունին. - «Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչները այսօր մասնակցել են հայ անձանց մարմինների փոխանցմանը Ադրբեջանի կողմից հայկական կողմին։ Մեր մասնակցությունը եղել է որպես չեզոք միջնորդի և դիտորդի մասնակցություն։ Գործողությունը կազմակերպվել է կողմերի կողմից»։
Երեկ ՀՀ անվտանգության խորհուրդը նոր տվյալներ հրապարակեց կորուստների մասին։ Ըստ այդմ, հայկական կողմում զոհվածների և անհետ կորածների թիվը հասնում է 207-ի։ Ավելի վաղ, վարչապետ Նիկոլ Փաշինյանը հաղորդել էր 135 զոհի մասին։ Հստակ չէ՝ ինչպես է այս թիվը անցել հարյուրից, և երբ վարչապետը հայտարարում էր 135 զոհերի մասին, արդյո՞ք նկատի ուներ նաև այն զինվորներին, որոնց աճյունները այսօր է Բաքուն փոխանցել հայկական կողմին։
Պաշտպանության նախարարի խոսնակ Արամ Թորոսյանն «Ազատությանը» փոխանցեց միայն, որ այսօր Երևանին հանձնված 95 զոհերը 207-ի ցանկում են. - «Անվտանգության խորհրդի հայտարարության շրջանակում է»։
Շփոթեցնող և մի շարք հարցեր առաջացնող այս թվաբանությունը չէր լինի, եթե կառավարությունը հրապարակեր զոհվածների տվյալները՝ հստակեցնելով վիճակագրությունը, ասում է իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը. - «Անբարո եմ համարում պաշտոնական մարմինների կողմից անունների չհրապարակումը, որը կհստակեցներ իրավիճակը։ Պատկերացրեք էդ ընտանիքների վիճակը, որոնք նստած սպասում են ու հանելուկների մեջ են... Ի՞նչ իրավունքով չեն ասում, չեն հրապարակում զոհվածների անունները»։
Օրերս Գորիսում որդիներին փնտրող զինվորները զանգահարել էին Ալեքսանյանին, պատմել, որ օրերով չեն կարողանում տեղեկություններ ստանալ իրենց որդիների մասին, և զորամասից զորամաս անցնելով՝ փորձում են գեթ մեկ տեղեկություն ստանալ։
«Ազատության» Սյունիքի մարզի թղթակիցը ևս այսօր Գորիսի զորամասում մի խումբ ծնողների է հանդիպել։ Նրանք չնկարահանվելու պայմանով հայտնել են, որ 7 օր է, երեխաներից լուր չունեն, հանդիպել են հրամանատարության հետ, բայց որևէ հստակ պատասխան չեն ստացել։ Ծնողներին փոխանցել են, որ ադրբեջանցիների ձեռքում դեռ հայ զինծառայողների մարմիններ կան։
«Եվ ասեմ, որ այս իրավիճակը, որ զորամասերի մոտ հավաքվում ծնողները իրենց որդիների են փնտրում, նույն 44-օրյա պատերազմի անկազմակերպ իրավիճակն է... և բացահայտ անտարբերությունը, իմիջիայլոց վերաբերմունքը և' զոհերի նկատմամբ, և' ընտանիքների նկատմամբ», - ասաց Ժաննա Ալեքսանյանը։
Բաքուն առնվազն 20 հայ զինծառայողի է գերեվարել
Հայկական կողմի այս պահին ունեցած տվյալներով, վերջին բախումներից հետո Բաքուն 20 հայ զինծառայողի է գերեվարել։ Դիմումներ են ուղարկվել Եվրադատարան, որը Բաքվին մինչև սեպտեմբերի 22-ը Բաքվին ժամանակ է տվել իր հսկողության տակ պահվող հայ ռազմագերիների, այդ թվում գերության մեջ մահացած զինծառայող Դավիթ Գիշյանի մահվան հանգամանքների մասին տվյալներ ներկայացնելու համար։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
Հայաստանը դիմել է ՄԻԵԴ՝ պահանջելով միջանկյալ միջոցներ կիրառել Ադրբեջանի դեմ Հայկական կողմից գերեվարված մեկ անձ է նույնականացվելԿին զինծառայողին թիրախավորել էին, ոչ միայն որովհետև զինծառայող էր, հայ, այլև կին. ՄԻՊԵրեկ էլ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակն է դիմում ուղարկել Մարդու իրավունքների եվրոպական դատարան՝ խնդրելով ապահովել գերեվարված 40-ամյա կապիտանի առողջության և կյանքի իրավունքը։
«Նույնականացումը տեղի է ունենում ընտանիքի անդամների, հարազատների միջոցով։ Իրենք ադրբեջանական տարբեր կայքերում հրապարակված նյութերը դիտելով, նմանեցնում են իրենց զինծառայողին, զինվորին, և այս հիմքով փորձում ենք, Մարդու իրավունքների եվրոպական դատարանում հրատապ միջոցներ կիրառելու մասին գանգատ ենք ներկայացնում», - ասում է փաստաբան Անի Չատինյանը։
Նա արդեն երրորդ ռազմագերու մասին դիմումն է ուղարկում Ստրասբուրգ, պնդում է, որ Բաքուն խախտում է նրանց իրավունքները՝ ստորացնելով, ծեծի ենթարկելով ու այդ տեսանյութերը տարածելով համացանցում. - «Դե իհարկե սա խոսում ա Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիաների, որոնց միացել է, կոպիտ ասած՝ էս կոնվենցիաների և դրանցով երաշխավորված իրավունքների ապահովման պարտականության վրա թքած ունենալու մասին»։
Այս մասին միջազգային կառույցներին ահազանգել է նաև Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը։