Գեղարքունիքի մարզի Սոթքի հատվածում այսօր հանգիստ է, 5-րդ օրն է` գյուղում ռումբեր չեն պայթում: Բնակիչները, սակայն, չեն շտապում վերադառնալ: Գյուղում հիմնականում միայն տղամարդկանց կարելի է հանդիպել:
Նրանք գիշերում են այլ տեղերում, սակայն առավոտյան գալիս են գյուղ` հետևելու իրենց տներին, տնտեսությանը:
«Ազատությունը» հանդիպեց նաև մի քանի կանանց, որոնք նույնպես երեկոյան պետք է հետ գնային Վարդենիս կամ այլ բնակավայրեր:
Դասապրոցեսը դադարեցված է: Համայնքապետը հույս ունի, որ մեկ շաբաթից գյուղում դասերը կվերսկսվեն: Դպրոցի շենքն անվնաս է, բայց գյուղում ապրող 240 ընտանիքների կեսից ավելիի տները վնասվել են, այսինքն` 120-ից ավելի տուն կամ մոխրացած, այրված է, կամ ամբողջությամբ ավերված է ռումբերից, նվազագույնը պատուհաներն են վնասված:
Համայնքային իշխանությունը մարդկանց վստահեցրել է, որ բոլոր վնասները կփոխհատուցվեն, և արագ կվերականգնվեն:
Սոթքում այսօր փորձագիտական աշխատանքներ էին կատարում Քննչական կոմիտեի փորձագետները, ռումբերի, պայթած արկերի տեղն էին ֆիքսում:
Ընդհանուր առմամբ գյուղում լռություն է, ակտիվ շարժ չկա, տրամադրություններն էլ սպասողական են, թե ինչ կլինի:
Գյուղը նաև հոսանք չունի, մասնագետներն աշխատում են, հույս կա, որ վաղը այն կվերականգնվի:
Սոթքի կողմից Գեղարքունիքի` հայ-ադրբեջանական սահմանի այս հատվածում ադրբեջանական կողմը որևէ առաջխաղացում չի ունեցել սեպտեմբերի 13-ից սկսված եռօրյա մարտերի արդյունքում, այսինքն` սահմանն անխախտ է մնացել:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Արյունալի մարտեր, փխրուն հրադադար հայ-ադրբեջանական սահմանին ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Սոթք և Ջերմուկ տանող ճանապարհները դեռ փակ են