ՊՆ-ն մինչ օրս չի հրապարակել զոհերի անունները, մինչ այդ տասնյակ ծնողներ հողին են հանձնում զավակներին

Վանաձորում մեզ հանդիպած այս տղամարդը իր զինծառայող հարազատին է փնտրում արդեն 4 օրուգիշեր. - «Հասկանում եմ, որ կռիվ ա։ Գոնե չեն զանգում էս չորս օրվա մեջ, որ հըլը չունենք տեղեկություն, հըլը միք գժվի, հըլը միք մեռնի... Չգիտենք, թե գերի ա, անտառի մեջն ա... ընդհանրապես տեղեկություն չունենք»։

Կառավարությունը այսօր զոհերի ու անհետ կորածների նոր թիվ հրապարկեց՝ 207։ Ու թեև պաշտոնական աղբյուրները շարունակ ճշտումներ են անում սխալ թվեր չհարպարկելու համար, միևնույն է, պարզվում է, որ ադրբեջանական հարձակումից օրեր անց էլ դեռ բազմաթիվ մարդիկ չգիտեն ողջերի՞, թե՞ զոհերի ցուցակներում փնտրենց իրենց որդիների անունները։

Սյունիքի զորամասերից մեկի մոտ 30 զինծառայողների ծնողներն էլ արդեն գրեթե մեկ շաբաթ պատկան մարմիններից միայն «չգիտենք» պատասխանը ստանալով, փնտրում են իրենց որդիներին։

Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանի հետ կապ հաստատած ծնողներից մեկը պատմել է, որ նախարարությունից մարզպետարան, այնտեղից զորամաս են գնում, անգամ գիշերում դրսում՝ հոգեբանորեն պատրաստ ստանալու անգամ ամենասարսափելի լուրը, սակայն առայժմ միայն անորոշություն է։

«Էնպես է էս կառավարությունը վարվում, կարծես իրենց անձնական տարածքն ա Հայաստանի Հանրապետությունը։ Նրանք պետք է հաշվի նստեն հանրության հետ, հաշվի նստեն էդ ընտանիքների հետ, մարդկանց հետ», - ասում է Ալեքսանյանը։

Մի կողմից, տասնյակ մարդիկ դեռ տեղեկություն չունեն իրենց որդիների մասին, մյուս կողմից, պաշտպանության նախարարությունը դեռ չի հրապարակել այն ժամկետայիններ ու պայմանագրայինների անունները, որոնց մահը հաստատված է։

«Պաշտոնական լրատվությունը պետք է ստուգվի և վերստուգվի, նոր հրապարակվի։ Այս է պատճառը, որ մենք, նաև նախկինում ունեցած ցավալի փորձը հաշվի առնելով, մինչև վստահ չենք լինում զոհված զինվորի կամ սպայի ինքնության վերաբերյալ, որևէ տվյալ չի հրապարակվում», - հայտարարել էր Նիկոլ Փաշինյանը։

Ըստ վարչապետի ու պաշտպանության նախարարության, չեն ցանկանում թույլ տալ 44-օրյա պատերազմի սխալները, սակայն սոցիալական ցանցերում տասնյակ զոհերի հարազատներ գրառումներ են արել հուղարկավորությունների մասին։ Բայց անգամ այս տղաների անունները չեն հրապարակվել։ Պաշտպանության նախարարությունը առայժմ հրապարակել է վերջին բախումներում զոհված չորս կին զինծառայողների անուններն ու լուսանկարները։

ՊՆ-ն իրավունք չունի չհրապարակելու իրենց կյանքը զոհածների անունները. իրավապաշտպան

Ժաննա Ալեքսանյան

«Հարգանք պետք է տածեն այդ ընտանիքների նկատմամբ, որոնք որդիներ են կորցրել։ Հերիք չի իրենք այդ ընտանիքների կողքին չեն, մի հատ էլ գոնե ընդհանուր էս հանրային էս հարգանքի վերաբերմունքը գոնե ցույց տան էդ մարդկանց։ Համարում եմ զինվորների անունները չհրապարկելը իմիջայլոց վերաբերմունք զինվորների և նրանց ընտանիքների հանդեպ։ Կարծում եմ, անունների չհրապարակման նպատակը թաքցնելն է, թե որքան լայնամասշտաբ էին գործողությունները։ Երբ անուններ ես հրապարկում, արձագանքը մեծանում է, և կարծում եմ, էս նկատառումներով չեն հրապարկում», - ասում է Ալեքսանյանը։

Հմայակ Վարդանյանի ընտանիքը արդեն հողին է հանձնել իր կրտսեր եղբորը՝ Արսեն Վարդանյանին։ Ջերմուկում ծառայած երիտասարդի մահվան մասին հարկ էլ չի եղել, որ պաշտպանական գեատեսչությունը տեղեկացնի. ինքն է զանգել եղբորն ու ասել, որ վիրավոր է ու շրջափակման մեջ, ապա կապի դուրս չի եկել. - «Նա մինչև վերջ մարտնչել ա։ Վերջին վայկյաններին որ զանգել ա մեծ ախպորս, ասել ա՝ մամային, պապային լավ նայի... ու վսյո»

Հմայակի համար արդեն էական չէ զոհվածների ցուցակը երբ կհրապարակեն, այլևս ոչինչ չի փոխվի, ասում է. - «Պաշտպանության նախարարություն ի՞նչ պիտի թվարկի... Ինչ էլ ասի, ծնողի համար, ախպոր համար, իրա հարազատների համար էն պահն ա, որ փառք Աստծո են տալիս, որ գոնե էրեխու դին բերել ենք հասցրել ու հանձնել մեր հայ հողին»։

Մեկ այլ զոհված զինծառայողի՝ Լավրենտ Նատոյանի եղբայրը՝ Հարությունը «Ազատության» հետ զրույցում գրեթե նույն ասած՝ այլևս ոչինչ փոխել չեն կարող. - «Չենք էլ ուզում, իրենց ոչ մի բանն էլ պետք չի... Իրենց էդ ամեն ինչից մեր ոչ մի բանը չի փոխվի...»

Իսկ իրենց հոր անունից ավելացրեց, որ չեն էլ ցանկանում կարդալ Լավրենտի անունը որևէ ցանկում։