«Գետնին ադյալ ենք փռում, երեխաները պառկում են». տեղահանված ընտանիքները կացարանի խնդիր ունեն

Ջերմուկում պայթող ռումբե՞րն էին սարսափելի, թե՞ Շենգավիթի մոծակները, փոքրիկ Դավիթը լավ չի կողմնորոշվում, մարմինը խայթոցների հետքերի մեջ է: Նրա ընտանիքը սեպտեմբերի 13-ի լուսաբացին Ջերմուկի ապաստարանից հասել է Երևան:

«Գիշերվա ռմբակոծությունից հետո տեղափոխվել ենք ապաստարան, ապաստարանից լուսադեմին դուրս ենք եկել, որովհետև ասել են` երեխաներին, ասենք, բնակիչներին տարհանել, հագուստ չենք կարողացել ընդհանրապես վերցնել, երեխաները հենց իրենց հագի շորերով դուրս են եկել», - պատմում է Ջերմուկի բնակիչ Մագդա Պողոսյանը:

Ի տարբերություն տան փոքրերի՝ Մագդա Պողոսյանը պատերազմի ու տեղահանության դժոխքը ոչ մի բանի հետ չի համեմատի: Ամուսնու, երեք թոռների ու չորրորդ երեխային սպասող դստեր հետ պատսպարվել են երևանյան մի շոգ ու փոքրիկ բնակարանում, ամսական100 հազար դրամով են այդ տունը վարձել:

«Բնակարանում հնարավորություններ չկան, որովհետև գետնին ադյալ ենք փռում, երեխաները գետնին են պառկում», - ասում է նա:

Այս վեց օրերի ընթացքում տեղահանված ընտանիքը ձավարեղեն է ստացել և երկու ծալովի մահճակալ. «Տիգրանուհին` աղջիկս չորրորդ երեխային է սպասում, գետնինը մի քիչ հարմար չէր էլի, որ պառկեր, որ գոնե իրեն հարմար տեղ լինի` պառկեր: Մենք էլ երկուսով ամենքս մի տեղ»:

Ընտանիքը 90-ականներին Լաչինում էր հաստատվել՝ վերաբնակեցման ծրագրով, 44-օրյա պատերազմից հետո Բերձորից՝ հետ Ջերմուկ եկան, հիմա էլ Երևան: Տիկին Մագդան ասում է՝ խնդիրը տան վարձավճարն է, երկու օր առաջ տեղեկացան, որ սոցապնախարարությունը առաջնային կարիքի հաշվառման հարթակ է գործարկել, արագ դիմեցին. «Երկու անգամ լրացրել ենք, բայց դե մինչև հիմա ոչ մի բան»:

Նախարարության մամլո խոսնակ Զառա Մանուչարյանի տեղեկացմամբ՝ հարթակը հրատապ կարիքների համար է՝ հագուստ, սնունդ, դեղորայք, կացարան, գումար ցանկում չկա. «Հայտը փոխանցվում է ՏԻՄ-երին և մարզպետարաններին, հարթակը հնարավորություն է տալիս, որ քաղաքացին վերջում նաև նշի, թե որտեղից է ուզում ստանալ իր աջակցությունը` համայնքապետարանից, թե մարզպետարանից»:

Ենթադրվում է, որ դիմող ընտանքիներին կացարան կառաջարկվի մարզերում: Նախարարության ներկայացուցիչը շեշտում է՝ առայժմ պարզ չէ` Գեղարքունիքից, Սյունիքից, Վայոց ձորից ժամանակավորապես տեղահանված ընտանիքների համար աջակցության որևէ պետական ծրագիր կլինի, թե ոչ։ Ասում է՝ կարիքների գնահատում պիտի արվի։

«Նշել եմ, որ առաջին կարգի հաշմանդամ ունեմ, տակդիրի, հիգիենայի պարագաներ և սնունդ», - նշում է Ջերմուկի բնակիչներից Ալվարդ Բալայանը:

Նա քրոջ ընտանքի հետ Երևանում ազգականի տանն է տեղավորվել: Սոցապի առցանց հարթակի դիմումում նշել է միայն այն, ինչ հաշմանդամություն ունեցող որդուն է անհրաժեշտ: «Ջերմուկից հույսներս չենք կտրել, - ասում է,- կվերադառնանք»։