Անկարան քննադատել է Փելոսիի երևանյան հայտարարությունները

Հայաստանի ու Ադրբեջանի միջև բախումների վերաբերյալ ԱՄՆ ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի հայտարարությունները «կողմնակալ են և սաբոտաժի են ենթարկում դիվանագիտական ջանքերը», հայտարարել է Թուրքիայի փոխնախագահ Ֆուադ Օքթայը։

Ֆուադ Օքթայը Թվիթերում գրել է, թե Սպիտակ տունը պետք է պարզաբանի, թե արդյոք «Փելոսիի և հայկական լոբբիի աջակցությունը վայելող մի քանի քաղաքական գործիչների» հայտարարությունները արտացոլում են պաշտոնական Վաշինգտոնի տեսակետը:

«Կոչ եմ անում միջազգային բոլոր դերակատարներին պատասխանատու գործել այն ժամանակ, երբ տարածաշրջանում մնայուն խաղաղության և կայունության կարիք կա»,- գրել է Օքթայը:

Ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյան Երևանում խստորեն դատապարտել է «Ադրբեջանի մահացու հարվածներն ու հարձակումները Հայաստանի տարածքի» նկատմամբ, նշել, որ հակամարտությունը չի կարող ռազմական լուծում ունենալ, խոսել նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության մասին:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Փելոսին Երևանում խստորեն դատապարտեց Ադրբեջանի հարձակումները Հայաստանի վրա