Վստահելի ապացույցներ կան, որ Ադրբեջանը պատրաստվում է նոր հարձակման՝ ընդլայնելով աշխարհագրությունը, այդ թվում՝ Նախիջևանի կողմից՝ ոտնձգություն կատարելով Հայաստանի տարածքային ամբողջականության նկատմամբ, այսօր հայտարարել է Ազգային ժողովի փոխնախագահ Հակոբ Արշակյանը Հայաստանում Ճապոնիայի դեսպան Մասանորի Ֆուկուշիմայի հետ հանդիպման ժամանակ։
ԱԺ փոխնախագահը դեսպանին մանրամասներ է ներկայացրել սեպտեմբերի 13-ին ադրբեջանական զինուժի ծավալած հարձակողական գործողությունների մասին:
Դեսպանը տեղեկացրել է, որ կփոխանցի Ճապոնիայի կառավարությանը Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի իրավիճակի վերաբերյալ փոխնախագահի ներկայացրած տեղեկությունները:
Ընդգծելով, որ Ճապոնիան և Հայաստանն ունեն գործընկերային ջերմ հարաբերություններ՝ Մասանորի Ֆուկուշիման շեշտել է՝ համագործակցության չիրացված զգալի ներուժ կա, որի ուղղությամբ անհրաժեշտ է գործուն քայլեր ձեռնարկել:
Նրա խոսքով՝ ժամանակն է ակտիվացնել համագործակցությունը քաղաքական, տնտեսական, կրթական, մշակութային և այլ ոլոտներում: Երկուստեք կարևորվել է նաև հայ-ճապոնական մշակութային ու գիտական կապերի ամրապնդումը:
Հակոբ Արշակյանի՝ Ճապոնիա կատարվելիք այցի առնչությամբ ձեռք են բերվել մի շարք պայմանավորվածություններ:
Հայ-ադրբեջանական սահմանին ինտենսիվ ռազմական գործողությունները սկսվել են սեպտեմբերի 13-ի կեսգիշերին:
Մինչ այժմ հայկական կողմը հաղորդել է իր հաստատված 135, Ադրբեջանը՝ 79 զոհվածների մասին:
Սեպտեմբերի 14-ի երեկոյան Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղարը հայտարարեց, որ միջազգային հանրության ներգրավվածության շնորհիվ հաջողվել է ձեռք բերել հրադադարի պայմանավորվածություն՝ այլ մանրամասներ չհայտնելով: Հրադադարը պահպանվում է:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Դեռևս պարզ չէ` ադրբեջանական 10-12 հոգանոց խումբը նահանջել է Ջերմուկի հատվածից, թե ոչ