Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ողջույնի խոսք է հղել այսօր Երևանում բացված Ռուս-հայկական 9-րդ միջտարածաշրջանային համաժողովի մասնակիցներին։
«Այս տարի մեր երկրները նշում են դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը և Բարեկամության, համագործակցության և փոխօգնության պայմանագրի ստորագրման 25-ամյակը: Կարևոր է, որ անցած ժամանակահատվածում Ռուսաստանը և Հայաստանը մեծ փորձ են կուտակել ամենատարբեր ոլորտներում կառուցողական համագործակցության, իսկ երկկողմ կապերը բերվել են դաշնակցային բարձր մակարդակի», - ասվում է հայտարարության մեջ, որը հրապարակվել է Կրեմլի կայքում։
Պուտինը միջտարածաշրջանային համագործակցությունն անվանել է ռուս-հայկական հարաբերությունների կարևոր բաղադրիչ։
Նրա խոսքով՝ երկու երկրներն ակտիվորեն փոխգործակցում են տնտեսական, սոցիալական, գիտական, հումանիտար և այլ ոլորտներում, ինչպես նաև հաջողությամբ իրականացնում են համատեղ խոշոր նախագծեր և նախաձեռնություններ։
Պուտինը նշել է, որ միջտարածաշրջանային համաժողովի օրակարգը, ինչպես միշտ, շատ հագեցած է։
«Պետական իշխանությունների, բիզնեսի, ակադեմիական և փորձագիտական շրջանակների, ինչպես նաև հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները պետք է մտքեր փոխանակեն արդիական, էական հարցերի շուրջ, նախանշեն համագործակցության նոր ծրագրեր, այդ թվում՝ առևտրի, ներդրումների, կրթության, զբոսաշրջության և թվային տեխնոլոգիաների ոլորտներում», - հավելել է նա։
Համաժողովը մեկնարկել է այսօր՝ Երևանում։ Ընդգծելով, որ յուրաքանչյուր տարի համաժողովներն անցկացվում են նոր խորագրերի ներքո, վարչապետ Նիկոլ Փաշինյանն այս տարվա «Հայ-ռուսական համագործակցություն. նոր մարտահրավերներ և հնարավորություններ» խորագիրն ավելի քան արդիական և հավակնոտ է որակել։ «Կասկածից վեր է, որ միջտարածաշրջանային ապակենտրոնացված համագործակցության ողջ ներուժից օգտվելու պարագայում, մեզ կհաջողվի նոր որակ հաղորդել մեր մարզերի բնակիչների կյանքին», - համաժողովի մասնակիցներին ուղղված իր խոսքում ասել է Հայաստանի վարչապետը։
Ռուս-հայկական միջտարածաշրջանային համաժողովներն անցկացվում են 2011 թվականից՝ ընդլայնելու համագործակցությունը երկու պետությունների տարածքային միավորների միջև:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Երևանում մեկնարկել է Հայ-ռուսական միջտարածաշրջանային 9-րդ համաժողովը