Փելոսին ու Փաշինյանն անդրադարձել են ՀՀ տարածքից ադրբեջանական ստորաբաժանումների դուրսբերմանը վերաբերող հարցերի

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին ու Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը քննարկել են հայ-ամերիկյան հարաբերությունների օրակարգին, ինչպես նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր: Հանդիպման մասին այս տեղեկությունը հաղորդում է իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը` հղում անելով վարչապետին:

Երևանում Միացյալ Նահանգների դեսպանատունը հաղորդում է, որ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակն ու կոնգրեսական պատվիրակության անդամները Փաշինյանի հետ խոսել են այլ առաջնահերթ հարցերի մասին ևս, մասնավորապես՝ «մեր ընդհանուր հանձնառությունները ժողովրդավարության և տարածաշրջանում խաղաղության և կայունության առաջ մղման ուղղությամբ»։

«Աջակցությունը ժողովրդավարությանը Հայաստանում, Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևը, հակազդեցությունը Թուրքիային Լեռնային Ղարաբաղի հարցում, և բոլոր մնացած առումներով մենք Հայաստանի ընկերն ենք։ Մենք այստեղ ենք՝ հարգելով Ձեր կառավարությունը», - հայտարարել է Նենսի Փելոսին։

Ուշադրություն հրավիրելով, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը քննարկել է ադրբեջանական վերջին ագրեսիայից հետո ներկա իրավիճակը, Նիկոլ Փաշինյանը հույս է հայտնել, որ դա պետք է շարունակի մնալ Խորհրդի օրակարգում. «Եվ այս առումով, իհարկե, մենք ապավինում ենք ԱՄՆ աջակցությանը»։

Նիկոլ Փաշինյանը և Նենսի Փելոսին անդրադարձել են Ադրբեջանի կողմից Հայաստանի սուվերեն տարածքի նկատմամբ դրսևորված ագրեսիային և ՀՀ տարածքից ադրբեջանական ստորաբաժանումների դուրսբերմանը վերաբերող հարցերին, փոխանցում են կառավարությունից:

Ըստ Գլխավոր շտաբի` վերջին դեպքերից հետո նախկին 11-12 կիլոմետրի փոխարեն ադրբեջանական ուժերն այժմ 4-4,5 կիլոմետր են հեռու Ջերմուկից: Խորհրդարանական ամբիոնից էլ Հայաստանի ղեկավարն էր հայտնել, որ Ադրբեջանը ևս 10 քառակուսի կիլոմետր օկուպացրել է Հայաստանից:

Նրանք քննարկել են նաև տարածաշրջանում տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակման հնարավորություններին, Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը վերաբերող հարցեր:

Նենսի Փելոսիին այսօր ավելի վաղ ընդունել է Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը:
Ներկայացուցիչների տան խոսնակի գլխավորած պատվիրակությունը երեկ երեկոյան է ժամանել Երևան։ Այսօր խորհրդարանում Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի հետ ունեցած ասուլիսում Փելոսին տեղեկացրեց, որ Կոնգրեսում նախապատրաստվում է Հայաստանի վրա Ադրբեջանի հարձակումը դատապարտող նախագիծ: