ՀԱՊԿ առաքելությունն այցելել է հայ - ադրբեջանական սահման

ՀԱՊԿ Միասնական շտաբի ղեկավար, գեներալ-գնդապետ Անատոլի Սիդորով, արխիվ

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) առաքելության առաջին խումբը՝ ՀԱՊԿ Միասնական շտաբի ղեկավար, գեներալ-գնդապետ Անատոլի Սիդորովի գլխավորությամբ, դիտարկում է իրականացրել Հայաստանի և Ադրբեջանի սահմանի մի քանի հատվածներում:

Հայ զինվորականները ցույց են տվել հրետակոծությունների հետևանքները հակաօդային պաշտպանության զորամասերից մեկի տարածքում: Առաքելությունը նաև Սյունիքի մարզում այցելել է Գորիս քաղաք և Ակներ գյուղ, որտեղ հրետանային արկից բնակելի տուն է վնասվել, հաղորդում է РИА "Новости" լրատվական գործակալությունը:

Սիդորովն ասել է, թե հայ - ադրբեջանական սահմանին, ինչպես նաև տաջիկա-ղրղըզական սահմանին ՀԱՊԿ-ի համար տհաճ իրավիճակ է ստեղծվել:

«Դրա հետ մեկտեղ, թե՛ մեր կանոնադրությունում, թե՛ փաստաթղթերում, թե՛ հենց Պայմանագրում գրված է, որ առաջնայնությունը տրվում է քաղաքական-դիվանագիտական մեթոդներին: Այդ պատճառով մենք դեռ ոչ մի սուր պատյանից չենք հանում և ջանում ենք առավելագույնս լուծել հարցերը խաղաղ ճանապարհով», - հայտարարել է գեներալը:

ՀԱՊԿ առաքելության առաջին խումբը Հայաստան է ժամանել երկու օր առաջ, իսկ կազմակերպության գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը կժամանի եկող շաբաթ:

Շաբաթասկզբին սահմանին ինտենսիվ ռազմական գործողություններ սկսվելուց հետո պաշտոնական Երևանը դիմեց ՀԱՊԿ-ին, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին և Ռուսաստանի Դաշնությանը, ՀԱՊԿ-ը որոշեց իրադրությունը տեղում գնահատելու համար առաքելություն գործուղել:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Հայաստանից դժգոհություններ են հնչում՝ ուղղված ՀԱՊԿ-ին

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ ՀԱՊԿ Միացյալ շտաբի օպերատիվ խումբը ժամանեց Հայաստան
Հայ -ադրբեջանական սահմանին ինտենսիվ ռազմական գործողությունները սկսվել են սեպտեմբերի 13-ի կեսգիշերին: Հայաստանի ռազմական գերատեսչությունը կեսգիշերն անց հայտարարեց, որ Ադրբեջանի զինուժը Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից ինտենսիվ կրակ է բացել հայկական դիրքերի ուղղությամբ։ Մինչ այժմ հայկական կողմը հաղորդել է իր հաստատված 135, Ադրբեջանը՝ 79 զոհվածների մասին:
Պաշտոնական Բաքուն պնդում է, թե ուժի է դիմել «սադրանքների» պատճառով, որոնցով Երևանն իբր փորձում է տապալել երկու երկրների միջև խաղաղության գործընթացը: Հայկական կողմը կտրականապես հերքում է այդ մեղադրանքը:
Սեպտեմբերի 14-ի երեկոյան Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղարը հայտարարեց, որ միջազգային հանրության ներգրավվածության շնորհիվ հաջողվել է ձեռք բերել հրադադարի պայմանավորվածություն՝ այլ մանրամասներ չհայտնելով: Հրադադարը պահպանվում է: