Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելն այսօր հեռախոսազրույցներ է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ:
Շառլ Միշելն իր թվիթերյան էջում նշել է, որ քննարկում են ունեցել «կայուն դեէսկալացիա ապահովելու միջոցների և տարածաշրջանում կայուն խաղաղության ամրապնդմանն ուղղված ջանքերի ակտիվացման վերաբերյալ»:
Վարչապետի աշխատակազմի փոխանցմամբ՝ Փաշինյանը Եվրոպական խորհրդի նախագահի հետ հեռախոսազրույցի ընթացքում մանրամասներ է ներկայացրել սեպտեմբերի 13-ի կեսգիշերին հայ - ադրբեջանական սահմանին սկսված ռազմական գործողությունների հետևանքով ստեղծված իրավիճակի վերաբերյալ՝ ընդգծելով սահմաններին լարվածության պահպանման փաստը:
Շառլ Միշելն, ըստ հաղորդագրության, վերահաստատել է պատրաստակամությունը՝ նպաստելու երկխոսությանն ու խաղաղությանը:
«Քննարկվել են իրավիճակի կարգավորմանը վերաբերող տարբեր հարցեր», - ասված է հաղորդագրությունում:
Հայ -ադրբեջանական սահմանին ինտենսիվ ռազմական գործողությունները սկսվել են սեպտեմբերի 13-ի կեսգիշերին: Հայաստանի ռազմական գերատեսչությունը կեսգիշերն անց հայտարարեց, որ Ադրբեջանի զինուժը Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից ինտենսիվ կրակ է բացել հայկական դիրքերի ուղղությամբ։ Մինչ այժմ հայկական կողմը հաղորդել է իր առնվազն 135, ադրբեջանական կողմը՝ 77 զոհվածների մասին, կան նաև վիրավորներ, այդ թվում՝ Հայաստանի քաղաքացիական բնակչության շրջանում:
Պաշտոնական Բաքուն պնդում է, թե ուժի է դիմել «սադրանքների» պատճառով, որոնցով Երևանն իբր փորձում է տապալել երկու երկրների միջև խաղաղության գործընթացը: Հայկական կողմը կտրականապես հերքում է այդ մեղադրանքը:
ՀՀ ՊՆ խոսնակը սեպտեմբերի 14-ի երեկոյան հայտնել էր, որ ժամը 20-ից բոլոր ուղղություններով կրակը գրեթե դադարել է, էական միջադեպեր չեն արձանագրվել։ Միջադեպեր չեն արձանագրվել նաև երեկ օրվա ընթացքում և այս գիշեր:
Չորեքշաբթի երեկոյան Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղարը հայտարարեց, որ միջազգային հանրության ներգրավվածության շնորհիվ հաջողվել է ձեռք բերել հրադադարի պայմանավորվածություն՝ այլ մանրամասներ չհայտնելով: