«Մենք պետք է արձանագրենք, որ իրադրությունը մնում է լարված», - կառավարության այսօրվա նիստում հայտարարել է Նիկոլ Փաշինյանը։
Այդուհանդերձ, կառավարության ղեկավարը ռազմական դրության ու զորահավաքի անհրաժեշտություն չի տեսնում, առաջնագիծ մեկնել ցանկացողներին կոչ է անում կամավոր դիմել զինկոմիսարիատներ. - «Մենք նաև բազմաթիվ քաղաքացիներից և առաջարկներ ենք ստանում, նաև կան քաղաքացիներ, ովքեր ասում են, որ ռազմական դրությանն էինք սպասում, որպեսզի մասնակցենք մեր երկրի ինքնիշխանության և տարածքային պաշտպանությանը։ Անվտանգության խորհրդի նիստում դա էլ ենք քննարկել և եկել ենք այն եզրակացության, որ եթե կան մարդիկ... հաստատ կան մարդիկ, ովքեր ուզում են ներգրավված լինել այս փուլում, նրանք կարող են սովորական ընթացակարգով կամավորության հիմքով դիմել զինվորական կոմիսարիատներ, և այդ խնդիրը կլուծվի»։
Ադրբեջանի հարձակման հետևանքով զոհերի նախնական թիվը անցնում է հարյուրից, թիրախավորվել են բնակավայրերն ու խաղաղ բնակիչները։ Ըստ Զինված ուժերի գլխավոր շտաբի, Ադրբեջանը վերջին մարտերի ընթացքում Գեղարքունիքից Սյունիք Հայաստանի ինքնիշխան տարածքում կիլոմետրերով առաջ է եկել։
Փաշինյանը չի մանրամասնում, թե ինչու են խուսափում ռազմական դրությունից ու զորահավաքից. - «Անվտանգության խորհրդի ֆորմատով քննարկել ենք Հայաստանում ռազմական դրություն մտցնելու նպատակահարմարությունը և անհրաժեշտությունը և եկել ենք այն եզրակացության, որ այս պահին նման որոշման պետք է չգնանք»։
Պաշտպանության նախարարը պարզաբանեց Փաշինյանի խոսքերը՝ ասելով, թե այս պահին բանակը համալրելու այլ ճանապարհներ կան՝ եռամսյա զորահավաքն ու աշխարահազորը, որ կամավորության սկզբունքով է։
«Բոլոր այն քաղաքացիները, ովքեր այսօր ուզում են կամավորության հիմունքներով զինվորագրվել և գնալ պատրաստության՝ անհրաժեշտության դեպքում նրանց կիրառելիությունը հետո ապահովելու համար, զինկոմիսարիատները պատրաստ են նրանց ընդունել», - ասաց Սուրեն Պապիկյանը։
Աշխարհազորայինների համալրումն էլ իրականացվում է զինկոմիսարիատներում։ Զորակոչային ու զորահավաքային համալրման ծառայության ղեկավար Արմեն Ավթանդիլյանն ասաց, որ հրաման ունեն, զբաղվում են համալարմամբ. - «Հրամանը կա, ցուցումը մենք ունենք, դրանով մենք զբաղվում ենք հիմա»։
44-օրյա պատերազմի ժամանակ թե' Արցախում, թե' Հայաստանում ռազմական դրություն ու զորահավաք հայտարարվեց հենց առաջին օրը։ Իսկ «Աշխարհազորի մասին» օրենքն ընդունվեց պատերազմի 31-րդ օրը։ Այս օրենքով Գլխավոր շտաբով կանոնակարգվեց կամավորների համալրումը։
Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի պնդմամբ՝ ռազմական դրության ու զորահավաքի անհրաժեշտություն կա. - «Այս պատասխանով իր գործունեությունը նմանեցնում է 44-օրյա պատերազմի գործողություններին։ Եվ պետական մոբիլիզացիոն համակարգը, որը նաև, եթե վարժանքներ են անցկացվում և մարտական հերթապահության իրականացման համար է, համալրման համար է, կապ չունի ռազմական դրության հետ, վեր է ածվում սովորական շարժման։ Եվս մեկ անգամ ինքը ասում է՝ ժողովուրդ, ես պետության ղեկավար չեմ, ոնց կուզեք, գնացեք կամավորագրվեք և գնացեք ձեր խնդիրը կատարեք»։
Կամավոր զինվորագրվելու Փաշինյանի կոչին արձագանքեց Արմավիրի մարզպետարանը։ Ժամեր անց հայտարարություն տարածեց՝ Հայաստանի տարածքային ամբողջականության ու ինքնիշխանության պաշտպանության համար զինվորագրվել ցանկացողները կարող են դիմել համայնքապետարաններ ու տեղի զիկոմիսարիատներ։