Մարտական գործողությունների վայրում, որտեղ հնարավոր է զոհված զինծառայողների մարմիններ լինեն, որոնողական աշխատանքներ դեռ չկան, «Ազատությանը» տեղեկացրեց Սյունիքի Ներքին Հանդ համայնքի ղեկավար Խաչատուր Բաղդասարյանը:
«Չի ավարտվել, չի սկսվել, իմ իմանալով` սպասում ենք Կարմիր խաչին, ռուսին, որ իրենց օգնությամբ լուծեն: Երեկ փորձեցին, խնդիրներ առաջացան, տենց էլ կանգնեց», - ասաց նա:
Իսկ երեկ տեղի է ունեցել այն, որ ադրբեջանական կողմը գերեվարել է մարմիններ դուրս բերելու համար Ներքին Հանդի տարածք մեկնած շտապօգնության մեքենայի անձնակազմին, ըստ Սյունիքի փոխմարզպետի՝ խախտելով պայմանավորվածությունը:
«Շատ մանրամասներ անվտանգության տեսակետից ելնելով չեմ կարող ասել, բայց ձեռք էր բերել պայմանավորվածություն ադրբեջանական կողմի հետ, որ մեր մարմինները կարողանանք հանել տարածքից, սակայն երբ որ մեքենան մոտեցել է անձնակազմով չորս հոգի, երկուսը` ԱԻՆ աշխատակիցներ և վարորդ, այնպես ստացվեց, որ նրանք գերեվարեցին ամբողջ անձնակազմը, բայց հետո Սյունիքի մարզպետին հաջողվեց բանակցությունների միջոցով շատ արագ լուծել այդ հարցը, և կատարեցին գերիների փոխանակում», - պատմեց Նարե Ղազարյանը:
Սյունիքի փոխմարզպետի խոսքով՝ շտապօգնության վարորդը, փրկարար-զինվորականները փոխանակվել են հայկական կողմում գտնվող ադրբեջանական երկու դիակների ու մեկ վիրավորի հետ։ Ահա այս միջադեպից հետո է որոնողական աշխատանքը վերածվել բանակցության. «Ներկա պահին այդ հարցի շուրջ ևս բանակցություններ են ընթանում»:
Ներքին Հանդում նոր տարածքներ են անցել ադրբեջանական կողմին, և այդտեղ որոնողական աշխատանք սկսելու համար արդեն միայն հայկական կողմի ցանկությունը բավարար չէ:
«Պետք է այդ ընթացակարգերը լինեն շատ հստակ կողմերի համաձայնեցված և այլն, որպեսզի մենք կարողանանք դա անել` խուսափելով որևէ ոչ ցանկալի զարգացումներից», - նկատեց Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին:
Նրա խոսքով՝ կազմակերպությունն այս պահին որոնողական գործընթացում ներգրավված չէ՝ երկխոսություն են սկսել կողմերի հետ. «Մինչև հիմա որևէ գործողության մենք մասնակցություն չենք ունեցել, կարող եմ միայն հաստատել, որ նման գործընթացը կապված քննարկումների հետ, այս ուղղությամբ մեր մասնակցությունը, մեր մարդասիրական միջնորդությունը այն թեմաներից է, որը մենք առաջարկել ենք կողմերին, և այս ուղղությամբ կա երկխոսություն»:
Ներքին Հանդի համայնքապետն ասում է՝ սահմանագծի այդ հատվածը Ներքին Հանդ, Սրաշեն, Շիկահող` խիտ անտառ է, որոնողական աշխատանքը հեշտ չէ: Հույս ունեն, որ վիրավորներ չկան: Ասում է՝ անտառներում մնացած վիրավորների բոլոր հեռախոսազանգերի հետքերով գնացել են. «Տեղանքին ծանոթ մարդիկ, տեղանքը արդեն կորոշի որտեղ, գնում են, հայտնաբերում այդ մարդուն»: