Հայկական կողմը հայտարարում է 135 զոհի մասին, իրավիճակը սահմաններին «գնահատվում է հարաբերական հանգիստ»

Սեպտեմբերի 13-ի կեսգիշերից սկսված ադրբեջանական հարձակման հետևանքով հայկական կողմի հաստատված զոհերի թիվն արդեն 135 է, այսօր կառավարության նիստին հայտնեց Նիկոլ Փաշինյանը։ Այսպիսով՝ զոհերի պաշտոնական թիվն ավելացավ ևս 30-ով։

«Ցավոք, մենք գիտենք, որ այս թիվը դեռևս վերջնական չէ, ունենք նաև բազմաթիվ վիրավորներ», - հայտարարեց կառավարության ղեկավարը:

Վերջին 2 օրվա ընթացքում հնչած հակասական տեղեկություններից հետո այսօր օմբուդսմենը հայտնեց, որ մահացել է նաև մեկ խաղաղ բնակիչ։

«Արձանագրել ենք մեկ քաղաքացիական անձի մահ, որը վրա է հասել բեկորային վնասվածքից, անձը որևէ զինված ծառայության մեջ կամ որևէ այլ կերպ ներգրավված չէ, դրա վերաբերյալ կան ապացույցներ», - ասաց Մարդու իրավունքների պաշտպանը:

Զոհվածը Սիսիանի Նորավան համայնքի 28-ամյա բնակիչ Գևորգ Հայրապետյանն է, նրա մահվան հանգամանքների մասին այլ մանրամասներ հնարվոր չեղավ պարզել։

Պաշտպանության նախարարն այսօր կեսօրին ասաց՝ իրավիճակը սահմաններին գնահատվում է հարաբերական հանգիստ. - «Գիշերվա ընթացքում հրադադարի ռեժիմը պահպանվել է, ըստ էության, կարող եմ նշել, որ Զինված ուժերը շարունակում են կատարել իրենց առջև դրված խնդիրը»:

Փաշինյանը վերահաստատեց Երևանի դիրքորոշումը՝ Հայաստանի սահմաններից ներս գտնվող ադրբեջանական ուժերը պետք է հեռանան: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ադրբեջանական ուժերը օկուպացրել են Հայաստանի ինքնիշխան տարածքի ևս 10 քառակուսի կիլոմետր։

«Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները՝ ներխուժած, պետք է դուրս գան Հայաստանի ինքնիշխան տարածքից, ընդ որում, ընդհանուր առմամբ, ուզում եմ ընդգծել, որ խոսքը ոչ միայն վերջին օրերի իրադարձությունների մասին է, այլև՝ նախորդ տարվա մայիսի 12-ին Սոթք-Խոզնավար հատվածում տեղի ունեցած ներխուժման մասին», - նշեց վարչապետը:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Զորքերը պետք է վերադառնան ելման դիրքեր, պնդում են ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում

ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում երեկ Հայաստանի ներկայացուցիչը նույն հայտարարությունն է արել, հիշեցրեց Փաշինյանը։ Ըստ արտգործնախարար Արարատ Միրզոյանի՝ ՄԱԿ-ում տեղի ունեցած 2 քննարկումները ցույց տվեցին, որ միջազգային հանրության մեծ մասը հստակ դատապարտում է ուժի կիրառումն ու ընդգծում Հայաստանի ինքնիշխան տարածքի անձեռնմխելիությունը:

«Բազմիցս օգտագործվել է «ագրեսիա» եզրույթը, այսինքն, շատ հստակ ընկալում կա, որ սա ագրեսիա է, ներխուժում է Հայաստանի տարածք, որ թիրախավորվել են քաղաքացիական ենթակառուցվածքներ», - նշեց արտգործնախարարը:

Այնուամենայնիվ, Միրզոյանն ասաց՝ բոլոր գործընկերներից եղած ակնկալիքները չէ, որ արդարացել են։

«Բայց նաև պետք է խոստովանեմ, որ առանձին երկրների կամ երկրի դեպքում ունեինք մի փոքր ավելի ակնկալիքներ և թերևս նաև գաղտնիք չէ, որ որոշ դեպքերում այդ ակնկալիքները ոչ այնքան արդարացան», - ընդգծեց Միրզոյանը:

Արտգործնախարարը փակագծերն այլևս չբացեց և հստակ չէ, թե կոնկրետ որ երկրին նկատի ուներ: Անվտանգության խորհրդի անդամ գրեթե բոլոր երկրները երեկ ընդգծել են զորքերի հետքաշման անհրաժեշտությունը:

Միացյալ Նահանգների դեսպանն ուղիղ խոսել է Հայաստանի բնակավայրերի գնդակոծման մասին, Ռուսաստանի ներկայացուցիչը՝ հայտնել, որ Մոսկվան էական քայլեր է ձեռնարկում ադրբեջանական ու հայկական զորքերը ելման դիրքեր վերադարձնելու համար, իսկ Ֆրանսիայի դեսպանը զորքերը հետ քաշելու կոչը հասցեագրել է կոնկրետ Ադրբեջանին:

«Եվս մեկ հեռախոսազրույց եմ ունեցել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում նախագահող երկրի՝ Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնի հետ, և պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ իրավիճակը պետք է շարունակի մնալ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ուշադրության կենտրոնում», - ասաց Փաշինյանը:

Կառավարության նիստին այսօր օրակագրում ընդգրկված հարցերը ընդունվեցին մեկ փաթեթով առանց քննարկման։ Վարչապետն ու կառավարության անդամները չշեղվեցին և խոսեցին միայն ադրբեջանական հարձակման հետևանքների մասին, թեև, այնուամենայնիվ, Փաշինյանը կրկին հիշատակեց Հայաստանի տնտեսական հաջողությունները ու կրկնեց՝ Ադրբեջանի ագրեսիան հարձակում է նաև Հայաստանի ժողովրդավարության ու երկարաժամկետ զարգացման ծրագրերի նկատմամբ։