Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտնում է սեպտեմբերի 13-ի կեսգիշերին Հայաստանի հետ սահմանին սկիզբ առած ռազմական գործողություններում ևս 6 զինծառայողի զոհվելու մասին։
Այդպիսով, մինչ այժմ ադրբեջանական կողմի հայտնած տվյալների համաձայն՝ վերջին բախումներում ադրբեջանցի 77 զինծառայող է զոհվել։
Հայ -ադրբեջանական սահմանին ինտենսիվ ռազմական գործողությունները սկսվել են սեպտեմբերի 13-ի կեսգիշերին: Հայաստանի ռազմական գերատեսչությունը կեսգիշերն անց հայտարարեց, որ Ադրբեջանի զինուժը Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից ինտենսիվ կրակ է բացել հայկական դիրքերի ուղղությամբ։ Մինչ այժմ հայկական կողմը հաղորդել է իր հաստատված 135, Ադրբեջանը՝ 77 զոհվածների մասին:
Պաշտոնական Բաքուն պնդում է, թե ուժի է դիմել «սադրանքների» պատճառով, որոնցով Երևանն իբր փորձում է տապալել երկու երկրների միջև խաղաղության գործընթացը: Հայկական կողմը կտրականապես հերքում է այդ մեղադրանքը:
ՀՀ ՊՆ խոսնակը սեպտեմբերի 14-ի երեկոյան հայտնել էր, որ ժամը 20-ից բոլոր ուղղություններով կրակը գրեթե դադարել է, էական միջադեպեր չեն արձանագրվել։ Միջադեպեր չեն արձանագրվել նաև հաջորդած գիշերը, երեկ օրվա ընթացքում և այս գիշեր:
Չորեքշաբթի երեկոյան Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղարը հայտարարեց, որ միջազգային հանրության ներգրավվածության շնորհիվ հաջողվել է ձեռք բերել հրադադարի պայմանավորվածություն՝ այլ մանրամասներ չհայտնելով:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Արյունալի մարտեր, փխրուն հրադադար հայ-ադրբեջանական սահմանին