Վիրավորված քաղաքացիական անձանցից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է, երկուսինը` ծանր

Սեպտեմբերի 13-ի կեսգիշերին հայ - ադրբեջանական սահմանին սկսված ռազմական գործողությունների հետևանքով վիրավորում ստացած 7 քաղաքացիական անձանցից 4-ը ժամը 12:00 դրությամբ շարունակում է ստացիոնար բուժումը տարբեր բժշկական կենտրոններում:

Առողջապահության նախարարության փոխանցմամբ՝ նրանցից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է, երկուսինը` ծանր, մեկինը` միջին ծանրության:

Վիրավորներից 3-ը, ըստ հաղորդագրության, ամբուլատոր բուժօգնություն են ստացել: Նրանցից մեկն այժմ կրկին հետազոտվում է:

Հայ -ադրբեջանական սահմանին ինտենսիվ ռազմական գործողությունները սկսվել են սեպտեմբերի 13-ի կեսգիշերին: Հայաստանի ռազմական գերատեսչությունը կեսգիշերն անց հայտարարեց, որ Ադրբեջանի զինուժը Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից ինտենսիվ կրակ է բացել հայկական դիրքերի ուղղությամբ։ Մինչ այժմ հայկական կողմը հաղորդել է իր առնվազն 135, ադրբեջանական կողմը՝ 71 զոհվածների մասին, կան նաև վիրավորներ, այդ թվում՝ Հայաստանի քաղաքացիական բնակչության շրջանում:
Պաշտոնական Բաքուն պնդում է, թե ուժի է դիմել «սադրանքների» պատճառով, որոնցով Երևանն իբր փորձում է տապալել երկու երկրների միջև խաղաղության գործընթացը: Հայկական կողմը կտրականապես հերքում է այդ մեղադրանքը:
ՀՀ ՊՆ խոսնակը սեպտեմբերի 14-ի երեկոյան հայտնել էր, որ ժամը 20-ից բոլոր ուղղություններով կրակը գրեթե դադարել է, էական միջադեպեր չեն արձանագրվել։ Միջադեպեր չեն արձանագրվել նաև հաջորդած գիշերը, երեկ օրվա ընթացքում և այս գիշեր:
Չորեքշաբթի երեկոյան Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղարը հայտարարեց, որ միջազգային հանրության ներգրավվածության շնորհիվ հաջողվել է ձեռք բերել հրադադարի պայմանավորվածություն՝ այլ մանրամասներ չհայտնելով: