Ադրբեջանի զինուժը նախկին 11-12 կմ-ի փոխարեն այժմ 4,5 կմ է հեռու Ջերմուկից, բայց շրջափակման մեջ է. ԳՇ պետ

4.5 կմ հեռավորության վրա են գտնվում ադրբեջանական զորքերը Ջերմուկից: Այս տեղեկատվությունն այսօր Հայաստանում հավատարմագրված դեսպաններին, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներին փոխանցեց Հայաստանի զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ Էդվարդ Ասրյանը:

Այսօր դեսպանները և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչները շրջայց կատարեցին Ջերմուկում` ծանոթանալու ավերածություններին` ադրբեջանական զինված ուժերի կողմից հայկական կողմին պատճառած վնասներին:

Փաստերով ներկայացվեցին ռազմական գործողությունների հետևանքները: Ըստ Գլխավոր շտաբի պետի՝ ադրբեջանցիները կիրառել են և՛ անօդաչու թռչող սարքեր, և՛ հրետանի, և՛ ռեակտիվ հրետանային համակարգեր: Վնասվել է առողջարանի ճոպանուղին, թիրախավորվել է մանկական խաղահրապարակ, հարձակման ժամանակ քաղաքում եղել են բնակիչներ և զբոսաշրջիկներ:

Ճեպազրույցի ընթացքում ԳՇ պետը պատասխանեց դեսպանների, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների հարցերին:

Մասնավորապես, Միացյալ Նահանգների դեսպան Լին Թրեյսին հարցրեց այստեղ ադրբեջանցիների առաջխաղացման մասին, որքանո՞վ է կարողացել ներխուժել հայկական սահման:

Ասրյանը հայտնեց, որ հայկական ուժերը մարտական դիրքեր են կորցրել, ադրբեջանցիների «մտել են պաշտպանության խորքը», սակայն ինչպես Ջերմուկից, այնպես էլ այլ վայրերից դուրս են շպրտվել որոշ տեղերից: Այդուհանդերձ, նախկին 11-12 կիլոմետրի փոխարեն այժմ 4-4,5 կիլոմետր են հեռու Ջերմուկից:

«Իմ գնահատմամբ` Ջերմուկի ուղղությունը հենց այս պահի դրությամբ հանդիսանում է հակառակորդի հիմնական գործողությունների ուղղություն: Այո, եթե մենք գտնվում ենք այստեղ, ապա դա այն ուղղությունն է, որտեղ հակառակորդը իր հարձակողական գործողությունների արդյունքում ունեցել է որոշակի հաջողություններ և մխրճվել ՀՀ ինքնիշխան տարածք 8.5 կմ լայնության ճակատով մինչև 7.5 կմ խորությամբ: Մյուս ուղղություններով, որ բրիֆինգի սկզբնամասում նշեցի` նաև առկա են 5 ուղղություններ, հակառակորդի` Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի ստորաբաժանումների հաջողությունները այդ ուղղություններում չի կարող համեմատվել Ջերմուկի ուղղությամբ գործողությունների արդյունքում նրանց մխրճման խորությունների հետ», - պատասխանեց նա` շարունակելով.

«Սակայն նաև կան ուղղություններում 1-1.5, 2 կմ մխրճման խորություններ Ներքին Հանդի ուղղությամբ, որոշակի նաև դիրքային առավելություն ձեռք է բերել Շորժաների ուղղությամբ, մյուս հատվածներում մեզ հաջողվել է հակառակորդին ետ շպրտել, և Իշխանասարի ուղղությամբ որոշակի մոտ կես կմ խորությամբ հաջողություն»:

Ավելի ուշ լրագրողների հետ զրույցում Էդվարդ Ասրյանը շտկում արեց` շեշտելով, որ այդուհանդերձ, ադրբեջանական այդ ուժերը շրջափակված են հայկական զինված ուժերի կողմից. «Մխրճումը ոչ թե ամբողջ ճակատով հակառակորդի կողմից հասել են Ջերմուկի մատույցներ, այլ միայն մեկ խումբը, որը կտրված իր ստորաբաժանումներից գտնվումէ այդ բլրի գագաթի վրա, և կենսունակության տեսակետից եթե հակառակորդի այդ խմբի սնուցում չլինի` թե սննդով, թե ջրով, հատուկ պատրաստված ստորաբաժանում լինի, ապա մի քանի օրվա ընթացքում նրանց ռեսուրսները լրիվությամբ կսպառվեն և ստիպված կլինեն այդտեղից դուրս գալու: Նաև բրիֆինգի ժամանակ ներկայացրի, որ խումբը կողքերից շրջափակված է մեր ստորաբաժանումների կողմից, այսինքն` մարտավարական իրադրությունը գնահատում եմ կայուն, և մեր հմուտ գործողությունների արդյունքում այդ խումբը այդտեղից կհեռանա, չենք թույլատրի, որպեսզի ապահովվի նրանց կենսունակությունը, մեքենաների շարժ դեպի մեր տարածք չի լինի, ներկա դրությամբ էլ չկա՝ իրենք չեն կարողանում բերել իրենց սնունդը և ջուրը ապահովել, և կենսունակությունը կորցնելով՝ խումբը հետ կքաշվի, կմիանա իրենց հիմնական ստորաբաժանումներին, որոնք Ջերմուկի մատույցներից գտնվում են առավել մեծ խորությունների՝ 7, 8, 10 (կմ) նույնիսկ սահմանի վրա, հեռավորությունների վրա:

Այսօր նաև դիտարկման արդյունքներով հյուսիսային հատվածում մենք տեսախցիկներով դիտարկել ենք, որ հակառակորդի մոտ 50-60 հոգանոց խումբ հետ է քաշվել դեպի ՀՀ պետական սահման: Դա փաստ է, տեսախցիկներով դիտարկված»:

Հիշեցնենք, որ դեռ անցած տարի` մայիսին, ադրբեջանական զինուժը առնվազն երեք ուղղություններով ներխուժել էր ՀՀ տարածք և փաստացի ամրացել մի քանի կիլոմետր խորության վրա: Այն ժամանակ ևս Հայաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարում էր, որ նրանք պետք է դուրս գան ՀՀ ինքնիշխան տարածքներից, որ ադրբեջանական ուժերը հայկական ԶՈւ-ի վերահսկողության տակ են գտնվում, սակայն մեկ տարի անց չկա որևէ լուր այն մասին, որ ադրբեջանական ուժերը հետ են քաշվել հայկական տարածքից:

Դիտարկմանը, որ եթե հայկական ուժերը արդեն իսկ շրջափակել են ադրբեջանական խմբավորմանը, որը ըստ Ասրյանի` բաղկացած է 10-12 հոգուց, արդյոք հնարավոր չէ՞ այլ քայլեր ձեռնարկել, ԳՇ պետն արձագանքեց, որ այժմ այդ հարցը չեն դիտարկում, միայն կարող է ասել, որ վերահսկողությունն իրենց ձեռքում է:

Եվրամիության դեսպան Անդրեա Վիկտորինի հարցին, թե ի՞նչ հանցագործությունների, խոշտանգումների մասին է խոսքը, Ասրյանը մեկ օրինակ ներկայացրեց. «Հանցագործությունները իրականացրել են բոլոր հարձակման ուղղություններում, ավարտից հետո ձեզ ցույց կտամ այդ տեսահոլովակը, որտեղ նաև բառեր չեմ գտնում նկարագրելու` ինչպես են նրանք մասնատել կին զինծառայողին, կտրել են ոտքերը, մատները, տկլորացրել են, և դա վայրագության վերջին աստիճանն է»:

Հայաստանին նաև տնտեսական հարված է հասցվել, նշեց ԳՇ պետը:

Ի պատասխան հարցի՝ մարդիկ տարհանվե՞լ են, Վայոց Ձորի մարզպետն ասաց, որ անակնկալի են եկել, մի մասը պաշտպանված վայրերում են, ապաստարաններում, մյուս մասը դուրս է եկել մոտակա վայրեր:

Ջերմուկում քաղաքացիական բնակչության շրջանում կորուստներ չկան՝ չնայած ադրբեջանցիները թիրախավորել են քաղաքացիական ենթակառուցվածքները:

Հակառակորդի մխրճման ամենամեծ խորությունը Ջերմուկում է, մյուս ուղղություններով ավելի քիչ են մտել: Ասրյանը հայտնեց, որ նաև Սևանի ափի Մարտունին է թիրախավորվել:

Ջերմուկի քաղաքապետ Վահագն Արսենյանը զինվորական հագուստով է: Դեսպանները հետաքրքրվեցին, թե ինչու, պատասխանեց՝ «ես նաև զինվոր եմ ու դիրքեր եմ գնում»:

Ճեպազրույցից հետո դեսպաններն ու միջազգային կազմակերպության ներկայացուցիչները հնարավորություն ունեցան շրջելու Ջերմուկով և ծանոթանալու ավերածություններին, որոնք պատճառել են ադրբեջանական զինված ուժերը ռազմական գործողությունների ժամանակ:

Հենց Ջերկուկ տանող ճանապարհի սկզբին դեսպանները, կազմակերպությունների ներկայացուցիչները տեսան ճանապարհը խոցած հրթիռ:

Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինն այս շրջայցին չէր մասնակցում, նա այսօր, ըստ ԱԳՆ-ի հաղորդման, ՀԱՊԿ մոնիթորինգային խմբի կազմում է մասնակցել աշխատանքներին, սակայն ՌԴ այլ ներկայացուցիչներ կային Ջերմուկում:

Դեսպաններից որևէ մեկը չցանկացավ իր տպավորություններով այսօր կիսվել լրագրողների հետ: