Հինգշաբթի օրը հեռախոսազրույց է կայացել Հայաստանի և Ռուսաստանի պաշտպանության նախարարների միջև:
Ռուսաստանի ռազմական գերատեսչության ուշ երեկոյան հրապարակած հաղորդագրության համաձայն՝ նախարարները քննարկել են «ընթացիկ իրադրությունը տարածաշրջանում, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղում ռուսաստանցի խաղաղապահների խնդիրների իրականացման շրջաններում»:
Այլ մանրամասներ ռուսական կողմը չի փոխանցում, հայկական կողմը հեռախոսազրույցի մասին առայժմ չի հաղորդում:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Արյունալի մարտեր, փխրուն հրադադար հայ-ադրբեջանական սահմանինՀայ -ադրբեջանական սահմանին ինտենսիվ ռազմական գործողությունները սկսվել են սեպտեմբերի 13-ի կեսգիշերին: Հայաստանի ռազմական գերատեսչությունը կեսգիշերն անց հայտարարեց, որ Ադրբեջանի զինուժը Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից ինտենսիվ կրակ է բացել հայկական դիրքերի ուղղությամբ։ Մինչ այժմ հայկական կողմը հաղորդել է իր առնվազն 105, ադրբեջանական կողմը՝ 71 զոհվածների մասին, կան նաև վիրավորներ, այդ թվում՝ Հայաստանի քաղաքացիական բնակչության շրջանում:
Պաշտոնական Բաքուն պնդում է, թե ուժի է դիմել «սադրանքների» պատճառով, որոնցով Երևանն իբր փորձում է տապալել երկու երկրների միջև խաղաղության գործընթացը: Հայկական կողմը կտրականապես հերքում է այդ մեղադրանքը:
Չորեքշաբթի երեկոյան Հայաստանի պաշտպանության նախարարությունը հաղորդեց, որ ժամը 20-ից բոլոր ուղղություններով կրակը գրեթե դադարել է, էական միջադեպեր չեն արձանագրվել։ Միջադեպեր չեն արձանագրվել նաև նախորդ գիշերը, հինգշաբթի առավոտյան և օրվա ընթացքում: ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղարն էլ հայտարարեց, որ միջազգային հանրության ներգրավվածության շնորհիվ հաջողվել է ձեռք բերել հրադադարի պայմանավորվածություն՝ այլ մանրամասներ չհայտնելով: