Ռուսաստանը գնահատում է Չինաստանի «հավասարակշռված դիրքորոշումը» Ուկրաինայի վերաբերյալ, Ուզբեկստանի Սամարղանդում չինացի գործընկերոջ հետ հանդիպմանը հայտարարել է Վլադիմիր Պուտինը։
«Մենք բարձր ենք գնահատում մեր չինացի ընկերների հավասարակշռված դիրքորոշումը, երբ խոսքն ուկրաինական ճգնաժամին է վերաբերում: Մենք հասկանում ենք ձեր հարցերն ու մտահոգությունն այս առնչությամբ: Այսօրվա հանդիպման ժամանակ մենք, իհարկե, կբացատրենք մեր դիրքորոշումը», - ասել է ՌԴ նախագահը։
Պուտինը նաև անդրադարձել է Թայվանի շուրջ ստեղծված իրավիճակին՝ հայտարարելով, թե Մոսկվան հավատարիմ է մնում «Մեկ Չինաստան» սկզբունքին։ ՌԴ նախագահը նաև դատապարտել է «ԱՄՆ-ի և նրա արբանյակների սադրանքները Թայվանի նեղուցում», հավանաբար նկատի ունենալով՝ օգոստոսի 27-ին Թայվանի նեղուցի միջազգային ջրերով նավարկող ԱՄՆ ռազմածովային ուժերի ռազմանավերին:
Ռուսաստանի և Չինաստանի առաջնորդները Ուզբեկստանում են՝ մասնակցելու Շանհայի համագործակցության կազմակերպության հերթական գագաթնաժողովին։ Նախորդ անգամ Պուտինն ու Ծինպինը հանդիպել էին Ուկրաինա ռուսական ներխուժումից շաբաթներ առաջ Պեկինում՝ Ձմեռային օլիմպիական խաղերի շրջանակում։