Ազգային ժողովի ընդդիմադիր խմբակցությունները ստորագրություններ են հավաքում՝ վարչապետին անվստահություն հայտնելու գործընթաց սկսելու համար։ Խաղաղություն ապահովող փաստաթուղթ ստորագրելու պատրաստակամության մասին Նիկոլ Փաշինյանի երեկվա ելույթից, դրան հաջորդած բողոքի ակցիայից հետո իրավիճակը խորհրդարանում այսօր լարված էր՝ վեճ, վիրավորանքներ, ընդդիմություն-իշխանություն փոխադարձ մեղադրանքներ։ ՔՊ-ական Վահագն Ալեքսանյանը դահլիճում նաև հայհոյում էր։
Ընդդիմադիրները պնդում էին՝ մարդիկ երեկոյան ինքնաբուխ են հավաքվել ԱԺ շենքի մոտ, իշխող «Քաղաքացիական պայմանագիրը»՝ որ հավաքն ուղղորդված էր դրսից սնվող կենտրոններից։
Ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանի ելույթի ժամանակ իշխանականները պարբերաբար տեղից միջամտում էին, լռողներից որոշներն էլ՝ քմծիծաղով արձագանքում։
Մանուկյանը ընդդիմադիրներից միակն էր, որ առավոտյան մտավ նիստերի դահլիճ ելույթի համար։ Ասաց՝ փոխանցում է երեկ ԱԺ-ի մոտ հավաքված տասնյակ հազարավոր մարդկանց պահանջը՝ «Նիկոլին փրկելու ժամանակը չէ, հայրենիքը փրկելու ժամանակն է»։ Իշխանականները վրդովվեցին, մասնավորապես, Մանուկյանի խոսքում հնչող «դավաճան» արտահայտությունից։
«Վիճակն օրհասական է, վերջապես հասկացեք, որ այս վիճակի լուծումը մեկն է՝ նոր իշխանություն, նոր կառավարություն, նոր վարչապետ, որն այս վիճակից կարող է դուրս բերել։ Երեկ ամբիոնից Նիկոլ Փաշինյանի կողմից հնչել է մի արտահայտություն, որ ինչ-որ թուղթ եթե ստորագրի, մարդիկ կարող են քննադատել և ասել դավաճան։ Լսեք, լսեք, մի պահ անդրադարձեք, որ այդ պիտակը հետո ամեն մեկիդ կպնելու է», - ասաց Մանուկյանը։
ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը հանդարտության կոչ արեց մյուս պատգամավորներին, իսկ Մանուկյանին խնդրեց «այնպես չանել, որ դահլիճում ավելի լարվի խոսակցությունը»։
Բանավեճը շարունակվեց նաև ելույթից հետո, Գեղամ Մանուկյանին դահլիճում միացած Ագնեսա Խամոյանը հայտարարեց՝ «աննուղղելի եք», ՔՊ-ից հակադարձեցին, թե «անուղեղը նա է», կրքերը նորովի բորբոքվեցին, բայց իշխանականները գործընկերների մոտ ագրեսիա չտեսան. «Ոչ մեկն ագրեսիվ չէր, ուղղակի մարդիկ լարված են, ինչը շատ բնական է այն ամեն ինչից հետո, ինչը երեկ հնչում էր Ազգային ժողովի դիմաց՝ Բաղրամյան փողոցի վրա», -ասաց Բաբկեն Թունյանը։
«Միջամտել է, լավ է արել», - լրագրողների հետ զրույցում հայտարարեց Գեղամ Մանուկյանի ելույթին ակտիվորեն միջամտող ՔՊ-ական Քրիստինե Պողոսյանը. «Ճիշտ եմ արել, լավ եմ արել, հեռու գնացեք, իմ երկրում ինձ ոչ մեկը չի կարա դավաճան ասի»։
Հետո իշխանության ու ընդդիմության վեճը նաև միջանցք տեղափոխվեց, մի պահ նույնիսկ անվտանգության աշխատակիցների միջամտության կարիք եղավ։
«Հայաստանն» ու «Պատիվ ունեմը» հայտարարում են, որ այս պահին ունեն երկու խմբակցությունների բոլոր՝ 35 պատգամավորների ստորագրությունները, ինչը բավարար չէ իմփիչմենթի նախագիծ ներկայացնելու համար. առնվազն 36-ն է պետք։ Վարչապետին պաշտոնանկ անելու համար էլ ավելի շատ՝ առնվազն 54 ձայն։
Արդյո՞ք բանակցում են իշխանականների հետ, հարցին բազմանշանակ են պատասխանում՝ չհերքելով։ Կոնկրետ անուններ չեն տալիս, բայց չեն բացառում, որ իշխանությունից կլինեն վարչապետի իմփիչմենթին միացողներ։ Չեն հրապարակում նաև վարչապետի իրենց թեկնածուի անունը, որը ներկայացնելու դեպքում նախագծում պարտադիր պետք է նշեն։
«Հիմա աշխատանքներ են տարվում, հիմա ակնկալում ենք 18 պատգամավորի ևս միանալ, որը նաև, բնականաբար, քաղաքական համաձայնություններ կարող են լինել», - ասում է Գեղամ Մանուկյանը։
Հարցին՝ իշխանությունից կա՞ն մարդիկ, որ պատրաստ են միանալ, ասաց՝ չի բացառում։
Իշխանականները պնդում են, թե վարչապետի իմփիչմենթի գործընթացին միացողը չեն։
Ալեն Սիմոնյան. «Քաղաքացիական պայմանագրի» վարչությունը 10 հոգով չի կարող որոշել, թե ով է ՀՀ վարչապետը լինելու, որովհետև Հայաստանի Հանրապետության քաղաքացիները ընտրել են Նիկոլ Փաշինյանին՝ որպես ՀՀ վարչապետ։ Մնացած բոլորը պետք է մերվեն ու հանգիստ նստեն տեղները։
«Ազատություն». Բայց դրանից հետո տարբեր իրավիճակներ են եղել, վերջինը սահմաններին այս լարումը, հարյուրից ավելի զոհ կա, ձեր ընդդիմախոսներն էլ հենց դա են մատնանշում, որ Փաշինյանը չի կարողանում կառավարել։
Ալեն Սիմոնյան. Նույնիսկ «խաղաղության» տարիների ընթացքում մենք ունեցել ենք հարյուրավոր զոհեր սահմանին, մի փոքրիկ խմբակ, որի երեկվա ներկայացուցիչները իրենց լկտի պահվածքով փորձում էին նորից պաշտոնակռիվ հեծնել այն լուրերի հիման վրա, որոնք սին ձևով տարածվեցին, չի կարող ՀՀ-ում իշխանություն ձևավորել, Հայաստանի Հանրապետությունում իշխանություն ձևավորող կա մի սուբյեկտ, դա ՀՀ ժողովուրդն է։
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը նաև հավաստիացրեց՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի հարց չեն քննարկել, չեն քննարկում։