Եվրամիությունը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված հրադադարի պայմանավորվածությունը, որն ուժի մեջ է մտել նախօրեին՝ ժամը 20:00-ից սկսած, ասված է ԵՄ Բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի խոսնակ Պետեր Ստանոյի անունից հրապարակված հայտարարության տեքստում։
ԵՄ-ն կողմերին կոչ է անում պահպանել պայմանավորվածությունն ու համակարգել մարդասիրական քայլերը, «ինչպիսին է զինվորների մարմինների հանձնումը»։ Տեքստում նշվում է, որ ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը Բաքվում և Երևանում շարունակում է իր բարձր մակարդակի խորհրդակցությունները՝ ԵՄ արտաքին քաղաքականության պատասխանատու Ժոզեպ Բորելի հանձնարարությամբ. «ԵՄ-ն շարունակում է ակտիվ ներգրավվածությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում, այդ թվում՝ ամենաբարձր մակարդակով՝ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջոցով»։