Արցախի նախագահն այսօր Երևանում մասնակցել է Անվտանգության խորհրդի նիստին։ Ֆեյսբուքյան գրառմամբ Արայիկ Հարությունյանը տեղեկացրել է, որ այս պահին Արցախի կարգավիճակի հետ կապված որևէ փաստաթուղթ չի քննարկվում։
«ՀՀ մեր գործընկերներին ուղղված իմ խոսքում բառացիորեն փոխանցել եմ բոլորիս մտահոգությունները՝ ընդգծելով, որ ոչ մի փաստաթուղթ չի կարող ստորադասել մեր ժողովրդի ազատ և ինքնիշխան ապրելու իրավունքն ու ձգտումները։ ՀՀ իշխանությունները վերահաստատել են, որ առանց Արցախի իշխանությունների հետ քննարկելու և մեր ժողովրդի կարծիքը հաշվի առնելու Արցախին առնչվող որևէ փաստաթուղթ չի ստորագրվելու», - նշել է Հարությունյանը:
Երևանում են նաև Արցախի Ազգային ժողովի պատվիրակության անդամները՝ քաղաքական խորհրդակցություններ անցկացնելու նպատակով։ Հանդիպել են ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ. այլ հանդիպումներ ևս նախատեսված են, բայց Արցախում իշխող «Ազատ Հայրենիք» խմբակցության ղեկավար Արթուր Հովհաննիսյանը «Ազատությանը» փոխանցեց, որ պաշտոնական հաղորդագրություններից բացի լրացուցիչ մեկնաբանություն այս փուլում տալ չեն ցանկանում։
Շատ ընդհանրական՝ վերջին օրերին տեղի ունեցող իրավիճակին առնչվող հացերի մասին է եղել հանդիպումը, ըստ պաշտոնական հաղորդագրության։
Պատվիրակության կազմում են Արցախի խորհրդարանի խմբակցությունների ղեկավարները, մշտական հանձնաժողովների նախագահները։
Արցախի ԱԺ նախագահի տեղակալ Գագիկ Բաղունցը, ով այս պահին Ստեփանակերտում է, ասաց՝ Արցախում լուրջ մտահոգություններ կան վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերջին երկու օրերի հայտարարությունների հետ կապված, և իրենց պատվիրակության այցը Արցախի ժողովրդի այդ մտահոգությունները ներկայացնելու նպատակ ունի: Արցախցի պատգամավորից հետաքրքրվեցինք՝ ի՞նչ հետևություններ է արել երեկ խորհրդարանում վարչապետի ելույթից։
«Անընդունելի է, որ խոսվում է հայոց աշխարհի 29 հազար 800 քառակուսի կիլոմետրի մասին, այլ ոչ թե դրան իսկ գումարած այն մի քանի հազար քառակուսի կիլոմետրը, որն այսօր հայկական կողմի հսկողության տակ է Արցախում», - նշեց Բաղունցը:
Երեկ Արցախի Վերածնունդի հրապարակում բազմամարդ ինքնաբուխ հանրահավաք էր, որը շարունակվել էր նաև այսօր։ «Արցախպրես»-ի փոխանցմամբ՝ հանրահավաքին ելույթ է ունեցել նաև Արցախի Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը. - «Չի կարող պատահի, որ Արցախի իշխանությունը և մեր ժողովուրդը միատեսակ չմտածեն Արցախի ապագայի մասով, Արցախի կարգավիճակի մասով»:
Վերջին երկու օրերին խորհրդարանում Փաշինյանը մի քանի անգամ ընդգծել է, որ Հայաստանի ինքնիշխան տարածքների անձեռնմխելիությունը կարմիր գիծ է և սակարկման առարկա չէ։ Երեկ էլ ըստ էության հստակ հայտարարեց՝ եթե Ադրբեջանը դուրս գա Հայաստանի օկուպացված 51 քառակուսի կիլոմետր տարածքից և հրաժարվի Հայաստանի տարածքով միջանցք պահանջելու մտքից, Հայաստանը կճանաչի Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը և Ադրբեջանի հետ համաձայնության կգնա։ Տարբեր ձևակերպումներով մի քանի անգամ այս միտքը կրկնած Փաշինյանը այդպես էլ ոչինչ չասաց Արցախի մասին:
«Եթե իրանք դուրս կգան, կկանգնեն Սովետական Միության սահմանի վրա, որ լեգիտիմ սահման ա, մենք իր տարածքային ամբողջականությունը կճանաչենք, ոչ, չենք ճանաչի», - ընդգծեց վարչապետը:
Փաշինյանի հայտարարության մեջ քաղաքացիների անհանգստացրել էր հատկապես «ծանր որոշում», «դավաճան պիտակ կպցնել», «իշխանությունից հեռացնել» հայտարարությունները։ Եվ քանի որ այս նույն հայտարարության մեջ Փաշինյանը մի քանի անգամ խոսում է միայն Հայաստանի Հանրապետության անվտանգության, ինքնիշխանության և տևական խաղաղության մասին, Արցախում անհանգստացած են, որ այդ «ծանր» որոշումները հենց Արցախի մասին են։
«Նույնիսկ կարող ա ժողովուրդը որոշի, մեզ իշխանությունից հեռացնի, էլի գոհ ու շնորհակալ կլինենք, եթե դրա արդյունքում Հայաստանի Հանրապետությունը 29 հազար 800 քառակուսի կիլոմետր տարածքով ստանա տևական խաղաղություն և անվտանգություն: Ես շատ հստակ ասում եմ՝ էն որոշումը, որ սա ապահովելու է, ես էդ որոշումը շատ հստակ ասում եմ՝ ստորագրելու եմ», - ասել է վարչապետը:
Արցախում երեկոյան ևս հանրահավաք է սպասվում, արցախցիները հիշում են՝ Վերածնունդի հրապարակը այսքան բազմամարդ է եղել 2019 -ի օգոստոսին Փաշինյանի ելույթի ժամանակ:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ցուցարարները պահանջեցին իշխանության հեռացումը, վարչապետը վստահեցրեց՝ «որևէ թղթի մասին խոսակցություն չկա»