Աքարն ու Հասանովը քննարկել են իրավիճակը հայ - ադրբեջանական սահմանին

Թուրքիայի և Ադրբեջանի պաշտպանության նախարարները զորավարժության ժամանակ, արխիվ

Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովն այսօր իր թուրք գործընկեր Հուլուսի Աքարի հետ հեռախոսով քննարկել է իրավիճակը Հայաստանի հետ սահմանին: Սա երկու երկրների ռազմական գերատեսչությունների ղեկավարների միջև երկրորդ հեռախոսազրույցն է շաբաթվա ընթացքում։

«Հեռախոսազրույցի ընթացքում մտքերի հանգամանալից փոխանակում է տեղի ունեցել ադրբեջանա-հայկական պետական սահմանին տիրող իրավիճակի շուրջ», - ասվում է Ադրբեջանի պաշտպանության նախարարության հաղորդագրությունում։ Ըստ պաշտոնական աղբյուրի՝ Հասանովն Աքարին մանրամասն տեղեկացրել է Հայաստանի հետ սահմանին տիրող օպերատիվ իրավիճակի մասին։

Նախարարների նախորդ հեռախոսազրույցը տեղի էր ունեցել սեպտեմբերի 13-ին։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Թուրքիայի և Ադրբեջանի պաշտպանության նախարարների միջև հեռախոսազրույց է կայացել
Հայ -ադրբեջանական սահմանին ինտենսիվ ռազմական գործողությունները սկսվել են սեպտեմբերի 13-ի կեսգիշերին: Հայաստանի ռազմական գերատեսչությունը կեսգիշերն անց հայտարարեց, որ Ադրբեջանի զինուժը Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից ինտենսիվ կրակ է բացել հայկական դիրքերի ուղղությամբ։ Մինչ այժմ հայկական կողմը հաղորդել է իր առնվազն 105, ադրբեջանական կողմը՝ 50 զոհվածների մասին, կան նաև վիրավորներ, այդ թվում՝ Հայաստանի քաղաքացիական բնակչության շրջանում:
Պաշտոնական Բաքուն պնդում է, թե ուժի է դիմել «սադրանքների» պատճառով, որոնցով Երևանն իբր փորձում է տապալել երկու երկրների միջև խաղաղության գործընթացը: Հայկական կողմը կտրականապես հերքում է այդ մեղադրանքը:

Երեկ երեկոյան Հայաստանի Պաշտպանության նախարարությունը հաղորդեց, որ ժամը 20-ից բոլոր ուղղություններով կրակը գրեթե դադարել է: Էական միջադեպեր չեն արձանագրվել նաև գիշերվա ընթացքում և այսօր առավոտյան, ըստ ՀՀ ռազմական գերատեսչության:

ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղարը գիշերը հայտարարեց, որ միջազգային հանրության ներգրավվածության շնորհիվ հաջողվել է ձեռք բերել հրադադարի պայմանավորվածություն՝ այլ մանրամասներ չհայտնելով: