Ժամը 20-ից բոլոր ուղղություններով կրակը գրեթե դադարել է, էական միջադեպեր չեն արձանագրվել, հաղորդում է Հայաստանի պաշտպանության նախարարության մամուլի քարտուղարը:
«Համացանցում շրջանառվող տեղեկությունները, թե իբր հայկական որոշ բնակավայրեր անցել են ադրբեջանական վերահսկողության տակ բացարձակ կեղծիք են։ Այս առնչությամբ ևս մեկ անգամ կոչ ենք անում զերծ մնալ նմանատիպ լուրեր տարածելուց և առաջնորդվել բացառապես պաշտոնական լրահոսով», - գրում է Արամ Թորոսյանը Ֆեյսբուքում:
Հայ -ադրբեջանական սահմանին ինտենսիվ ռազմական գործողությունները սկսվել են սեպտեմբերի 13-ի կեսգիշերին: Հայաստանի ռազմական գերատեսչությունը կեսգիշերն անց հայտարարեց, որ Ադրբեջանի զինուժը Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից ինտենսիվ կրակ է բացել հայկական դիրքերի ուղղությամբ։ Մինչ այժմ հայկական կողմը հաղորդել է իր առնվազն 105, ադրբեջանական կողմը՝ 50 զոհվածների մասին, կան նաև վիրավորներ, այդ թվում՝ Հայաստանի քաղաքացիական բնակչության շրջանում:
Պաշտոնական Բաքուն պնդում է, թե ուժի է դիմել «սադրանքների» պատճառով, որոնցով Երևանն իբր փորձում է տապալել երկու երկրների միջև խաղաղության գործընթացը: Հայկական կողմը կտրականապես հերքում է այդ մեղադրանքը: