Միրզոյանը օտարերկրյա դիվանագետներին ներկայացրել է հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակը

Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը ելույթը Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների հետ հանդիպմանը՝ ներկայացնելով հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակը, նշել է, որ «Ադրբեջանի նմանօրինակ վարքագիծը արդյունք է նաև նախորդ՝ 2021թ․ մայիսից սկսած ագրեսիաներին միջազգային հանրության անհասցե հայտարարությունների»։

Ներկայացնելով ընդհանուր իրավիճակը՝ Միրզոյանը նշելով, որ սոցցանցերում ադրբեջանցիների կողմից տարածվում են տեսանյութեր, «որտեղ կան նոր հայ ռազմագերիներ»՝ կարևորել է միջազգային հանրության արձագանքը՝ թույլ չտալու 44-օրյա պատերազմի օրինակով «հայ ռազմագերիների նկատմամբ կիրառվող կտտանքները, բռնությունները, արտադատական սպանությունները և բռնի անհետացումները»:

Հայ - ադրբեջանական սահմանին ինտենսիվ ռազմական գործողությունները սկսվել են սեպտեմբերի 13-ի կեսգիշերին, հայկական կողմը հաղորդել է իր առնվազն 105, ադրբեջանական կողմը՝ 50 զոհվածների մասին, կան նաև վիրավորներ, այդ թվում՝ Հայաստանի քաղաքացիական բնակչության շրջանում:
Պաշտոնական Բաքուն պնդում է, թե ուժի է դիմել «սադրանքների» պատճառով, որոնցով Երևանն իբր փորձում է տապալել երկու երկրների միջև խաղաղության գործընթացը: Հայկական կողմը կտրականապես հերքում է այդ մեղադրանքը:

Խոսելով խորքային պատճառների մասին, Միրզոյանն ընդգծել է, թե «Ադրբեջանը համարում է, որ Հայաստանը պետք է առանց բանակցելու համաձայնի իր բոլոր պայմաններին»:

Մասնավորապես հայկական արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը նշել, որ օգոստոսի 31-ին Բրյուսելում տեղի ունեցած Փաշինյան-Ալիև հանդիպման ժամանակ Ադրբեջանի նախագահը, ըստ էության, հայտարարել է, որ «չի պատրաստվում Հայաստանի Հանրապետության հետ խոսել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ, որովհետև, ըստ իրեն, Լեռնային Ղարաբաղ և Լեռնային Ղարաբաղի հակամարտություն գոյություն չունի և արցախահայության հարցը հանդիսանում է Ադրբեջանի ներքին խնդիրը, որը ցանկության դեպքում կկարգավորի՝ հիմք ընդունելով Ադրբեջանի Սահմանադրությունը»։

«Նույնանման պատկեր է ստեղծվել նաև տարածաշրջանային ենթակառուցվածքների և տրանսպորտային ուղիների ապաշրջափակմամբ զբաղվող եռակողմ հանձնաժողովի աշխատանքներում, որտեղ Ադրբեջանը, ըստ էության, փորձում է հասնել էքստրատերիտորիալ միջանցք ստանալուն։ Հայկական կողմը բազմիցս բարձրաձայնել է իր տեսակետն առ այն, որ պատրաստ է հաղորդակցության ուղիներ տրամադրել Ադրբեջանին՝ ավտոճանապարհային փոխադրումների ռեժիմի հստակեցումից հետո, որը պիտի ապահովի երկրների սուվերենությունը և իրավազորությունն իր տարածքով անցնող ճանապարհների նկատմամբ։ Միևնույն ժամանակ, երկաթուղու վերագործարկման ուղղությամբ ձեռք բերված պայմանավորվածության իրականացումը խոչընդոտվում է հենց Ադրբեջանի կողմից», - ընդգծել է Միրզոյանը:

«Ադրբեջանի այս ագրեսիան միջազգային իրավունքի՝ ՄԱԿ-ի կանոնադրության, Հելսինկյան եզրափակիչ ակտի և միջազգային հումանիտար իրավունքի կոպտագույն խախտում է», - նշել է Հայաստանի արտգործնախարարը հավելելով՝ ստեղծված աշխարհաքաղաքական իրավիճակում, Ադրբեջանը փորձում է ուժի կիրառմամբ և ուժի կիրառման սպառնալիքով հասնել իր պահանջներին և նկրտումներին:

Միրզոյանը ներկայացրել է, որ Հայաստանը, հաշվի առնելով իրավիճակի ողջ լրջությունը, Հայաստանը դիմել է Ռուսաստանին, ՀԱՊԿ-ին և ՄԱԿ անվտանգության խորհրդին։

«Երեկ երեկոյան տեղի ունեցած ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստում որոշում է կայացվել Հայաստան գործուղել ՀԱՊԿ մոնիթորինգային առաքելություն և կազմակերպության գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասին։ Արդեն այսօր տեղի ունեցող ՄԱԿ անվտանգության խորհրդի նիստում քննարկվելու է ստեղծված իրավիճակը», -ասել է նա։

Հայաստանի արտգործնախարարը նշել է. «Ակնկալում ենք, որ Ադրբեջանը անհապաղ կերպով պիտի իրականացնի հետևյալ գործողությունները՝ Կրակի ամբողջական դադարեցում, Ադրբեջանի զինված ուժերի վերադարձ իրենց նախնական դիրքեր, հայ ռազմագերիների ազատ արձակում»։