Հայաստանը դիմել է Եվրոպական դատարան՝ պահանջելով միջանկյալ միջոցներ կիրառել ընդդեմ Ադրբեջանի:
Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչը հայտնում է, որ դիմումները վերաբերում են Հայաստանի քաղաքացիական բնակավայրերի թիրախավորմանը, քաղաքացիական բնակչության և ռազմագերիների հիմնարար իրավունքների պաշտպանությանը:
«Եվրոպական դատարանից պահանջել ենք նաև կիրառել իր կանոնադրության 39-րդ կանոնի 2-րդ կետը և անհապաղ ծանուցել որոշման մասին ԵԽ Նախարարների կոմիտեին», - ասված է հաղորդագրությունում:
Բախումները հայ-ադրբեջանական սահմանին սկսվել են երեկ: Կեսգիշերն անց հայկական կողմը հայտնեց, որ Ադրբեջանի զինուժը մի քանի` Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից ինտենսիվ կրակ են բացել հայկական դիրքերի ուղղությամբ։ Ադրբեջանական կողմն էլ հայկական կողմին մեղադրեց սադրանքների մեջ: Հայկական կողմը հաղորդել է իր առնվազն 49 զոհի մասին, ադրբեջանականը՝ 50: